Մատչելիության հղումներ

ՆԳՆ ղեկավարները Գյումրիում էին՝ խրախուսելու կանանց համալրել պարեկային ծառայության շարքերը


Մի խումբ պաշտոնյաներ՝ ներքին գործների նախարար Վահե Ղազարյանի գլխավորությամբ, այսօր Գյումրի էին եկել՝ խրախուսելու կանանց համալրել նորաստեղծ պարեկային ծառայության շարքերը։ Այս ծառայությունն արդեն գործում է երկրի ամբողջ տարածքում։

«Այսօրվա մեր հանդիպումը Գյումրիում կոչված է խթանել պարեկային ծառայության հետագա համալրման գործընթացը՝ շեշտը դնելով ծառայության մեջ կանանց հնարավորինս լայն ընդգրկվածության վրա», - հայտարարեց նախարարը:

Պարեկային ծառայությունում կանանց ներգրավվածության ցուցանիշով Շիրակի մարզն առաջատար է՝ 9 կին է աշխատում, և ևս 300 դիմում կա։

Պարեկային ծառայության ներդրումից հետո դժգոհություններ դեռ շատ կան, որոնց մասին պարբերաբար բարձրաձայնում են փաստաբանները՝ որ պարեկային ծառայողների կրթական մակարդակն է ցածր, հաճախ են քաղաքացու հետ վեճ ու կռվի մեջ մտնում, արդյունքում քաղաքացին ոստիկանի ցուցմունքի հիման վրա հայտնվում է ամբաստանյալի կարգավիճակում։

Փոխնախարար Արփինե Սարգսյանն ընդունեց՝ կան թերություններ նաև պարեկային ծառայողներին կրթելու առումով. - «Վերապատրաստումների մասով, բնականաբար, այն բոլոր խնդիրները, որոնք հընթացս առաջանում են, մենք հատուկ վերապատրաստումներ ենք իրականացնում մեր ծառայողների համար, որպեսզի պարբերաբար լավացնենք իրենց հմտությունները և գիտելիքները: Բնականաբար, շարունակելու ենք այս ուղղությամբ մեր աշխատանքները՝ մինչև այն պահը, երբ վստահ կլինենք, որ բազային առումով ունենք այն գիտելիքի և հմտության պաշարը, որն անհրաժեշտ ու բավարար է ծառայությունը պատշաճ իրականացնելու համար»:

Բողոքներ կան նաև ոստիկանության կողմից անհարկի ուժի կիրառման մասին։ Եռաբլուրում անցած տարի զոհված զինվորների ծնողների հետ կապված միջադեպից հետո իրավապաշտպաններն անգամ այն ժամանակ ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնող Վահե Ղազարյանի հրաժարականն էին պահանջում: Դատախազությունը հանցակազմ չգտավ՝ գործը կարճվեց։ Արդյո՞ք ծառայողական քննություն իրականացվեց և պատժվող ոստիկան եղավ, «Ազատություն»-ը հարցրեց փոխնախարարին։

«Կան շատ ու շատ իրավիճակներ, երբ առերևույթ թվում է, թե կա խախտումը, բայց երբ ծառայողական քննություն ես իրականացնում, այստեղ ակնհայտորեն եզրահանգումը լինում է այն, որ չկա այնպիսի խախտում, որի համար կարգապահական պատասխանատվության հարց դիտարկվի: Եռաբլուրի դեպքով ևս ծառայողական եղել է, և քանի որ իմ ասած շեմը հատել ենք, արդեն տեղափոխվել է Դատախազության տիրույթ», - հայտարարեց Արփինե Սարգսյանը:

Փոխնախարարը վստահեցրեց՝ ցանկացած խախտման դեպքի մասին հրապարակում դառնում է ծառայողական քննության առարկա, իսկ «եթե հատվում է սահմանը ծառայողական քննության և քրեական ինչ-որ հանցակազմի, անմիջապես վարույթը տեղափոխվում է քննչական մարմինների դաշտ, և այս մասով չկա որևէ բացառություն»:

Լրահոսում ճանապարհային՝ հաճախ մահվան ելքով պատահարների մասին լուրերի պակաս չկա։ ՆԳ նախարարությունը հիմա նոր ռազմավարություն է մշակում, որը ներառելու է գծանշումներից մինչև վարորդական իրավունքի վկայականի տրամադրման նոր կարգ, ասաց Սարգսյանը:

Փոխնախարարը հավելեց, որ ոստիկանության աշխատակիցներից բացի նաև քաղաքացիների իրավագիտակցության մակարդակի բարձրացման խնդիր կա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG