Մատչելիության հղումներ

Ըստ վիճակագրության՝ տնտեսության կառուցվածքում ներդրումների մասնաբաժինը շարունակում է կառավարության սահմանած թիրախից ցածր մնալ


Մինչ իշխանությունները հայտարարում են, թե բարձրացել է Հայաստանի ներդրումային միջավայրի գրավչությունը, դրանց ծավալներն էլ ավելացել են, պաշտոնական վիճակագրությունը փաստում է՝ տնտեսության կառուցվածքում ներդրումների մասնաբաժինը շարունակում է կառավարության սահմանած թիրախից էլ ցածր մնալ:

«Մենք կառավարության ծրագրով հաստատված թիրախ ունենք, համաձայն որի ներդրումների ընդհանուր համախառն կուտակման հարաբերակցությունը համախառն ներքին արդյունքին պետք է լինի ոչ պակաս, քան 25 տոկոս», - ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Ներդրումների ծավալի հիմնական ցուցիչը համախառն կուտակման տվյալն է. այն ցույց է տալիս, թե ՀՆԱ-ի՝ տնտեսության ընդհանուր արդյունքի ո՞ր մասն է, ի վերջո, ներդրումների վերածվում։ Պարզ ասած՝ զուտ սպառողական ծախսերը հոգալուց զատ որքան գումար է ուղղվում ավելի երկարաժամկետ հեռանկարներին, օրինակ, որևէ արտադրություն հիմնելուն, մեքենաների ձեռքբերմանը, շինությունների, բնակարանների կառուցմանը և այլն։

Օրինակ՝ 2021-ին Հայաստանի տնտեսության ողջ արդյունքի 23 տոկոսն է կուտակվել՝ շուրջ 4 միլիարդ դոլար։ 2022-ին՝ դեպի Հայաստան ֆինանսական հոսքերի շեշտակի աճի այդ շրջանում, ըստ Վիճկոմի, հարաբերակցությունը փոքր-ինչ նվազել է՝ կազմելով 21.7 տոկոս կամ 4.5 միլիարդ դոլար։

Պաշտոնական թվերը հրապարակող կոմիտեն օրերս նաև այս տարվա առաջին 9 ամիսների նախնական ցուցանիշներն է հրապարակել. երեք եռամսյակներում 16 միլիարդ դոլարի հասնող ՀՆԱ-ից կուտակումը շուրջ 3.2 միլիարդ է կազմել՝ շուրջ 20 տոկոսը։ Եվ չնայած այս հարաբերակցությունը էապես չի փոխվում՝ էկոնոմիկայի նախարարը լավատես է՝ իրենց նպատակին հասնելու են: Վահան Քերոբյանն ասում է՝ վերջնական, ամփոփ թվերն ավելի մեծ են լինում:

«Ներդրումների վերաբերյալ տվյալները շատ ավելի ուշ են գալիս, քան մյուս մակրոտնտեսական ցուցանիշները, դրա համար այս պահին վերջնական թվեր չեմ կարող ասել, բայց այն տրաեկտորիան, որ մենք այսօր տեսնում ենք, ցույց է տալիս, որ մենք լավ հետագծի վրա ենք», - նշեց Քերոբյանը:

Սրան զուգահեռ այս տարի ավելացել է Հայաստանից դրամական արտահոսքը։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանի կարծիքով՝ մարդիկ անորոշության, ռազմական հնարավոր բախումների վտանգի պատճառով երկարաժամկետ պլաններ չեն գծում, ներդրումներ չեն անում:

«Մարդիկ իրենց կապիտալը հանում են երկրից, որտեղ կա ռազմական բախման հավանականություն: Երրորդ գործոնն այն է, որ Հայաստանում ներդնելու տեղ չկա, այսինքն, գումար, դոլար ունեցող մարդիկ չգիտեն՝ իրենց գումարն ինչ անեն՝ ավանդ դնեն ցածր տոկոսով, թե հանեն Հայաստանից դուրս և տարբեր անշարժ գույքերի ու ակտիվների մեջ ներդնեն, որոնց եկամտաբերությունն ավելի բարձր է», - ասաց տնտեսագետը:

2021-26 թվականների ծրագրով կառավարությունը սահմանել է՝ տնտեսական թիրախներին հասնելու համար ներդրում/ՀՆԱ հարաբերակցությունն առնվազն 25 տոկոս պետք է կազմի։ Ավելի վաղ նախարարն ասել էր՝ իրենց ասածն անում են:

«Էն տնտեսական քաղաքականությունը, որ մենք նպատակ ենք դրել վարել, այսինքն, սպառման վրա հիմնված տնտեսություն աճից անցում կատարել ներդրումների վրա հիմնված տնտեսական աճի՝ իրականացվում է: Մենք անցած տարի, ըստ միջանկյալ տվյալների, ունենք 1 տրիլիոն 845 միլիարդ դրամի համախառն կուտակում, իսկ օտարերկրյա ներդրումների ծավալն առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ կազմել է մոտ մեկ միլիարդ դոլար», - ասել է նախարարը:

XS
SM
MD
LG