Հեռուստալրագրող Արմինե Ճաղարյանի մահվան դեպքով մեղադրանք է առաջադրվել ռաֆտինգ (գետով փչովի ռետինե նավակի նավարկում) կազմակերպած ընկերության տնօրենին, հաղորդում է Քննչական կոմիտեն։
Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, ծառայություններ մատուցելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։
Կոմիտեն, մասնավորապես, նշում է, որ տնօրենը «ռաֆթինգ է կազմակերպվել Դեբեդ գետի վարարման ընթացքում, որպես ռաֆտի թիմի անդամներ ներգրավել է սիրողական անձնակազմ, նավարկելուց առաջ Ճաղարյանի հետ անվտանգության գիտելիքների ստուգում և հրահանգավորում չի կատարել»։
Կոմիտեն, վկայակոչելով փորձաքննության արդյունքները, նշում է, որ Արմինե Ճաղարյանը մահացել է ջրահեղձման հետևանքով՝ մեխանիկական շնչահեղձությունից։
Դեպքի տեղի է ունեցել 2022-ի մայիսի 9-ին Դեբեդ գետի Քոբայր-Սանահին կայարան հատվածի 3-րդ կիլոմետրում։ Նավարկելու ընթացքում փչովի ռետինե նավակը հարվածել է քարին ու շրջվել, Արմինե Ճաղարյանն ընկել է գետը:
Դեպքից հետո ընկերությունը որոշ ժամանակ դադարեցրել էր աշխատանքը։
Ընկերության տնօրեն Գևորգ Վարդանյանն այն ժամանակ «Ազատության» ասել էր, որ իրենք «սթրեսի» մեջ են, որովհետև «հարազատ ընկեր ենք կորցրել, ու մեզ ժամանակ է պետք»։ Գևորգյանը նաև ասել էր, որ վերջին 5 տարվա ընթացքում հազարավոր մարդկանց են սպասարկել, նման պատահար առաջին անգամ է եղել՝ նշելով՝ «ռաֆթինգը լիովին ապահով սպորտաձև չէ, այնուամենայնիվ պահպանում են անվտանգության կանոնները»։