Մատչելիության հղումներ

Արդյոք Ադրբեջանին հաղթանակներ պարգևած զինվորականների կյանքը նույնքան կարևոր է իշխանության համար


Ադրբեջանը վերջին երեք տարվա ընթացքում՝ հայկական կողմի դեմ մարտերում հարյուրավոր զինվորներ է կորցրել, պնդելով, թե նրանք իրանց կյանքը նվիրաբերել են հանուն թանկ հայրենիքի:

Իսկ արդյոք մարդու կյանքը նույնքան թանկ է Ադրբեջանի իշխանության համար։

Լրագրողական հետաքննություններն ու բողոքի ցույցերը վկայում են՝ Ադրբեջանին շլացուցիչ հաղթանակներ պարգևած տասնյակ զինվորականներ պետության ուշադրությանն են արժանացել ոչ թե պարգևներով, այլ կենցաղային խնդիրների համար ապարդյուն պայքարով ու ծայրահեղ քայլերով։

Meydan TV-ի հետաքննության համաձայն՝ 44-օրյա պատերազմից հետո, ըստ ոչ պաշտոնական վիճակագրության, Ադրբեջանում ավելի քան 50 զինվորական է ինքնահրկիզվել, 43 -ի դեպքում հուսահատության այդ ճիչն ավարտվել է մահվան ելքով։

Գործազրկությունը, սոցիալական խնդիրները, ինչպես նաև դրանց նկատմամբ պետության անտարբերությունն ու պաշտոնեական կամայականությունն են հիմնական պատճառները․ նրանք ինքնավնասումից առաջ միաբերան պնդում էին՝ Ալիևի վարչակազմը իրենց բարոյապես կոտրել է։

Վերջին երեք տարիներին պատերազմներում վիրավորված տասնյակ վետերաններ պարբերաբար բողոքի ցույցեր են անցկացրել պետական կառույցների առջև․ պահանջել, օրինակ, փոխհատուցում կամ արձագանք իրենց կենցաղային խնդիրներին: Նախագահին ուղարկած նամակ-բողոքները անպատասխան են մնացել։ Այդ հանգամանքը, սակայն, երբեք չի կաշկանդել ոչ Իլհամ Ալիևին, ոչ էլ նրա ենթականերին յուրաքանչյուր առիթով խոսել պատերազմի մասնակիցների և զոհվածների ընտանիքների հանդեպ ցուցաբերվող «աննախադեպ աջակցության» «հոգատարության» մասին։

«Պատերազմում կռված 7 հաշմանդամ դարձած քաղաքացիների համար համապատասխան պայմանների ստեղծումը մեր բարոյական պարտքն է», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Իսկ իրականությունն այն է, որ վետերանները ծեծի են ենթարկվում անգամ իրենց մայրերի աչքի առաջ, բախվում ոստիկանության բրիտ գործողություններին։

Բինագադի թաղամասում բնակվող վետերանի ընտանիքը պատմում է, որ անցած օրերին ոստիկաններն ու քաղաքացիական անձինք իրենց ծեծել են, որովհետև համարձակվել են ընդդիմանալ իրենց սեփական տան ցանկապատի քանդմանը։

«Որտեղ հասնում խփում էին բռունցքներով ու մի հոգի էլ չէր, շատ էին։ Ոստիկաններից մեկն էլ ինձ այսպես բռնել էր երկու ձեռքով։ Ես որպես կին ինչ կարող էի անել նրանց», - ներկայացրել է Յուսիֆ Նիյազովի մայր՝ Այգյուն Նիյազովան։

Հայերի դեմ Ադրբեջանի պատերազմների մասնակից ավելի քան 178 հազար 300 վետերան կա Ադրբեջանում։ Պետությունը յուրաքանչյուրին 46 դոլարին համարժեք գումար է վճարում որպես «նախագահական կրթաթոշակ»։ Ընդ որում, գնաճի, տրանսպորտի և կոմունալ ծառայությունների թանկացման պայմաններում անգամ գումարի չափը չի ավելացել։

Նավթի ու գազի վաճառքից Ադրբեջան հոսող միլիարդավոր դոլարները տնօրինող կառավարությունը վետերանների թոշակը բարձրացնելու փոխարեն անունը փոխեց․ նախկինում սոցիալական նպաստ էր՝ տրանսպորտի և կոմունալ ծառայությունների համար, հիմա՝ «նախագահական թոշակ»։

«Մենք մեր նահատակների հիշատակը մեր սրտում միշտ վառ կպահենք։ Աստված մեր բոլոր նահատակների հոգին լուսավորի, նրանց հերոսությունը հազարավոր, տասնյակ հազարավոր ադրբեջանցի զինվորների, սպաների հերոսության ու պրոֆեսիոնալիզմի շնորհիվ մենք վերջ տվեցինք օկուպացիային», - նշել է Իլհամ Ալիևը:

Թեև նախագահ Ալիևի ելույթներում բանակի զինվորների մասին պերճախոսության պակաս չկա, նրա ղեկավարած պետությունում, փաստացի, թանկ է ոչ թե բանակայինի, այլ պատգամավորի կյանքը։

Օրինակ՝ ադրբեջանցի պատգամավորի մահից հետո պետությունը նրա ընտանիքին վճարում է հանգուցյալի 5 տարվա աշխատավարձի չափով փոխհատուցում, այսինքն ավելի քան 88 հազար դոլար։ Նույն սկզբունքը, սակայն, չի գործում զինվորականի դեպքում։ Պետությունը զինվորի կյանքը տասն անգամ քիչ է գնահատում՝ մահվան դեպքում վճարելով ընդամենը մոտ 6500 դոլար

Պատերազմի մասնակիցների բողոքի ցույցեր, ինքնահրկիզումներ ու ինքնասպանություններ Ադրբեջանում
please wait

No media source currently available

0:00 0:04:05 0:00

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG