Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի նկուղում նոյեմբերի 17-ին տեղի ունեցած պայթյունի դեպքի նախաքննությունը շարունակվում է. պատճառները պարզվում են, հաղորդում է Քննչական կոմիտեն։
Ըստ հաղորդման՝ հրդեհից երկու տուժածների վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր և ծանր, նրանք ի վիճակի չեն մասնակցելու որևէ վարութային և ապացուցողական գործողության:
Իսկ Ոստիկանության ծխահարված ծառայողը, քննչականի փոխանցմամբ, համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից։
ԵՊՀ-ում տեղի ունեցած հրդեհից զոհվել է ԵՊՀ տնտեսական բաժնի 73-ամյա աշխատակիցը, երեք հոգի ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, տուժածներից երկուսը ևս տնտեսական բաժնի աշխատակից են, մյուսը՝ ոստիկանության աշխատակից։
Քննչական կոմիտեն վարույթ է նախաձեռնել աշխատանքի անվտանգության և հակահրդեհային կանոնները խախտելու հոդվածներով։ Նախաքննություն է սկսվել։
Քննչականն այսօր տեղեկացրել է, որ նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, պարզվել է, որ պայթյունի օջախ է հանդիսացել ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի նկուղային հարկում գտնվող, ներկայում որպես սպասարկման ոլորտի աշխատակիցների հանդերձարան ծառայող տարածքում։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են այրված հագուստներ, արնանման նյութի և մոխրացած հետքերից նմուշներ, առգրավվել են դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, նշանակվել են մի շարք փորձաքննություններ։
Հրդեհի պատճառների մասին քննչականը դեռ չի հայտնում։ Դեպքից կարճ ժամանակ անց, սակայն, Երևանի պետական համալսարանից հայտարարեցին՝ նախնական վարկածով պատճառը՝ հոսանքի տատանումն էր։