Մատչելիության հղումներ

Բաքուն ծանր մեղադրանքներ է առաջադրել Ռաշիդ Բեգլարյանին


Բաքուն ծանր մեղադրանքներ է առաջադրել օգոստոսի 1-ին Լաչինի շրջանի Աղավնո (Զաբուխ) գյուղի տարածքից առևանգված 61-ամյա Ռաշիդ Բեգլարյանին։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ նա մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի 5 հոդվածներով, մասնավորապես, «Խանքենդիի (Ստեփանակերտ) թիվ 3 մանկական հիվանդանոցում պահվող ադրբեջանցի գերիների նկատմամբ խոշտանգումներ կատարելու, ռազմական հանցագործությունների, անօրինական զինված խմբավորումների գործունեությանը մասնակցելու համար»։

APA գործակալությունը՝ վկայակոչելով երկրի Պետական անվտանգության ծառայությունը, նշում է, թե Բեգլարյանն ասել է, որ «Խոջալուից Աղդամ գնացող 200 խաղաղ բնակիչ սպանվել և թաղվել է Ասկերանի բերդի շրջակայքում»։

Ըստ ծառայության՝ «1992 թվականի փետրվարի 26-ին զինված կազմավորումները, որոնց թվում էր նաև Բեգլարյանը, ադրբեջանցիների զանգվածային բնաջնջման նպատակով դարանակալել են Ասկերանի բերդի մոտ, և ավտոմատներով կրակել են Աղդամի շրջանի ուղղությամբ շարժվող գրեթե 200 խաղաղ բնակիչների վրա, որոնց մեծ մասը կանայք, երեխաներ և ծերեր էին»։

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունն օգոստոսի 1-ին հաղորդեց, որ «բերման են ենթարկել Հայաստանի քաղաքացի «Բեգլարյան Ռաշիդին» (ծնված 1962 թ.)։

Հայկական կողմը պարզաբանեց՝ Բեգլարյանն 2020թ. պատերազմի հետևանքով տեղահանվել է Շուշի քաղաքից, իսկ վերջին օրերին գտնվում էր Շուշիի շրջանի Հին շեն գյուղում, «ըստ նախնական տեղեկությունների՝ մոլորվելու հետևանքով ընկել է ադրբեջանական վերահսկողության տակ»:

XS
SM
MD
LG