Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, ամենայն հավանականությամբ, երկու ոչ-պաշտոնական կին է ունեցել, որոնցից մեկը՝ նախկին բորտուղեկցորդուհի Գուլնարա Ռակիշևան, կարողացել է բազմամիլիոնանոց բիզնես ստեղծել: Այս մասին հաղորդում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ղազախական ծառայությունը:
Ռակիշևայի մասին առաջինը իր «Կնքահայր աները» (ռուսերեն՝ "Крестный тесть") գրքում գրել է Նազարբաևի նախկին փեսա, այժմ հանգուցյալ Ռահատ Ալիևը, երբ հեռացել է իշխանությունից: Նրա վկայությամբ՝ պետական "Бүркіт" ավիաընկերության ուղեկցորդուհու և Ղազախստանի առաջնորդի հարաբերություններն առավել սերտ էին 1996 թվականին, երբ Ռակիշևան 26 տարեկան էր: Դրանից շատ չանցած կինը դարձել է "Эйр Астана" ավիաընկերության նախագահ՝ այդ պաշտոնում աշխատելով մինչև 2005 թվականը:
Ըստ Ալիևի՝ 2004 թվականից Նազարբաևի «երկրորդ կինը» երկու դուստրերի հետ ապրում է Իսպանիայում, որտեղ դղյակի սեփականատեր է: «Ազատության» ղազախական ծառայության լրագրողները, այնուհանդերձ, չեն բացառում, որ Ռակիշևան ներկայումս ապրում է Ղազախստանում:
Հետաքննող լրագրողները պարզել են, որ կինը առնվազն չորս ղազախստանյան ընկերության և մի բարեգործական հիմնադրամի համահիմնադիր է, Ռակիշևայի ակտիվները գնահատվում են շուրջ 40 միլիոն դոլար և ավելի:
«Ազատության» ղազախական ծառայության լրագրողներն ընդգծում են, որ բացի Ալիևի և Ալմաթիի նախկին քաղաքապետ Վիկտոր Խրապունովի վկայություններից՝ Ռակիշևայի և Նազարբաևի կապի մասին այլ ապացույցներ չկան:
Ղազախստանի նախկին ղեկավարի երկրորդ ոչ-պաշտոնական կնոջ՝ Ասել Կուրմանբաևայի մասին հայտնի էր դարձել դեռ 2021 թվականին՝ Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի (ICIJ) անցկացրած «Պանդորայի արխիվ» հետաքննությունից: Լրագրողները պարզել էին, որ օֆշորային գործարքում Կուրմանբաևան վաստակել է 30 միլիոն դոլար:
Նուրսուլթան Նազարբաևն անկախ Ղազախստանի առաջին նախագահն էր, երկիրը ղեկավարել է 1991-2019 թվականներին: