Մատչելիության հղումներ

Բայրամովը Աբդոլահիանի հետ խոսել է «առանց արտատարածքային երկրների միջամտության» մեխանիզմի մասին


Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հետ շաբաթ օրը կայացած հեռախոսազրույցում Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովն «ընդգծել է երկխոսության և տարածաշրջանային մեխանիզմների՝ առանց արտատարածաշրջանային ուժերի միջամտության, անհրաժեշտությունը»: Այս մասին հաղորդում է IRNA լրատվական գործակալությունը:

Իրանական կողմի փոխանցմամբ՝ Աբդոլահիանը, իր հերթին, շեշտել է, թե որքան շատ երկու երկրներն աշխատեն տարածաշրջանային համագործակցության ձևաչափերում, այնքան կշահեն նրանց տարածաշրջանային գործընկերները:

Նախարարները «գոհունակություն են հայտնել Իրանի և Ադրբեջանի միջև ընդլայնվող հարաբերությունների կապակցությամբ՝ անհրաժեշտ համարելով տարածաշրջանային և միջազգային ասպարեզներում ավելի շատ համատեղ ջանքերը», փոխանցում է IRNA-ն:

Ադրբեջանական կողմի հաղորդագրությունում ասված է, որ նախարարները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում, կարևորել «տարածաշրջանային ձևաչափերում անցկացվող աշխատանքը, այդ ուղղությամբ ջանքերը մեծացնելը»: «Ընդգծվել է, որ այդ գործընթացը կնպաստի խաղաղությանը և կայունությանը տարածաշրջանում», - փոխանցում է APA-ն:

XS
SM
MD
LG