Իսրայելը հայտնում է, որ իր զինվորականները մտել են Գազայի հատվածի ամենխոշոր Ալ-Շիֆա հիվանդանոց, որտեղ, ըստ Իսրայելի, տեղակայված է «Համաս»-ի (ԱՄՆ-ի և ԵՄ կողմից ահաբեկչական ճանաչված կազմակերպություն) հրամանատարական կետը։ Հիվանդանոցի մուտքի մոտ զինված բախումներ են տեղի ունեցել, ահաբեկիչներ են սպանվել։
Իսրայելը հայտնում է, որ զինվորականները հիվանդանոց են մտցրել նորածինների ինկուբատորներ, մանկական սնունդ, առաջին անհրաժեշտության բժշկական այլ պարագաներ։
Հիվանդանոցի տնօրեն Մոհամեդ Զաքութը Reuters-ին ասել է, որ հիվանդանոցի ներսում իսրայելական տանկ ու զինվորներ կան, ներառյալ՝ շտապօգնության և վիրահատության բաժանմունքներում։
Իսրայելի բանակի մամուլի խոսնակ Դանիել Հագարին ասել է, որ Իսրայելը պատերազմում է «Համաս»-ի, ոչ թե Գազայի հատվածի բնակիչների դեմ։
«Իսրայելի բանակը բազմիցս հրապարակայնորեն զգուշացրել է, որ Շիֆայի հիվանդանոցը «Համաս»-ի կողմից ռազմական նպատակներով օգտագործումը վտանգում է նրա պաշտպանված կարգավիճակը միջազգային օրենքի ներքո»,- ասել է Հագարին, հավելելով, որ իսրայելական ուժերի շարքերում բժիշկներ և արաբերեն խոսացողներ կան, որոնք փորձում են օգնություն ցուցաբերել «բարդ և զգայուն միջավայրում։
Ծայրահեղական «Համաս»-ը և Ալ-Շիֆայի ղեկավարությունը իրենց հերթին բազմիցս հերքել են հիվանդանոցի տարածքը ռազմական նպատակներով օգտագործելու Իսրայելի մեղադրանքները։