Մատչելիության հղումներ

Լոնդոնում բացվեց Հայաստանի նոր դեսպանատունը, տրվեց ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության մեկնարկը


Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացումը, Լոնդոն, 13-ը նոյեմբերի, 2023թ.
Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացումը, Լոնդոն, 13-ը նոյեմբերի, 2023թ.

Պաշտոնական այցով Մեծ Բրիտանիա մեկնած արտգործնախարար Արարատ Միրզոյանը երեկ Լոնդոնում այդ երկրի գործարարության և առևտրի պետնախարար Թիմըթի Մինթոնի հետ բացել է Հայաստանի դեսպանության նոր շենքը։

Լոնդոնն առաջին եվրոպական մայրաքաղաքն է, որտեղ Հայաստանը բացել էր իր դեսպանությունը՝ 1992 թվականին, սակայն մինչ այժմ Հայաստանի ներկայացուցչությունը տեղակայված էր Լոնդոնի Հայ տան երկու փոքր սենյակում։ Այս տարվա սեպտեմբերին, սակայն, կառավարությունը վճարեց ավելի քան 17 միլիոն ֆունտ և ձեռք բերեց 5-հարկանի մի շենք Լոնդոնի կենտրոնական թանկարժեք Սեյնթ Ջեյմս շրջանում։

«Հետաքրքիր զուգադիպությամբ բացման այս արարողությունից անմիջապես հետո մենք պատրաստվում ենք տալ մեր հարաբերությունների նոր մակարդակի՝ Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև ռազմավարական երկխոսության մեկնարկը», - հայտարարել է Միրզոյանը:

Օրվա երկրորդ կեսին Արարատ Միրզոյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հետ, որն ավելի վաղ՝ այս տարվա մայիսին այցելել էր Երևան։ Լոնդոնում տրվեց նաև Հայաստանի ու Մեծ Բրիտանիայի միջև ռազմավարական երկխոսության մեկնարկը։

«Որպես տարածաշրջանի պատասխանատու խաղացողի՝ մենք շատ գնահատում ենք Հայաստանի հետ մեր ունեցած հարաբերությունները։ Կարծում եմ՝ լավ սկիզբ տվեցինք մեր պաշտոնական ռազմավարական երկխոսությանը», - ասել է Դոքերթին:

Ի՞նչ երկխոսության մասին են խոսում հայ և բրիտանացի նախարարները։ Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիությունը լքելու որոշումից հետո Հայաստանը չունի այդ երկրի հետ ընդլայնված համագործակցության որևէ փաստաթուղթ, հետևաբար՝ Երևանը ձգտում է, որ Լոնդոնի հետ ռազմավարական երկխոսությունն ի վերջո հանգեցնի Հայաստան-Մեծ Բրիտանիա Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման. նման համաձայնագիր 2017 թվականից գործում է Եվրամիության ու Հայաստանի միջև:

Երևանի ձգտումների մասին արտգործնախարար Միրզոյանը խոսել է արդեն երեկոյան դեսպանատանը հանդիսավոր ընդունելության ընթացքում։

«Մենք այստեղ ենք նաև Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև ռազմավարական երկխոսության հաստատումը նշելու համար: Սա իսկապես նոր հանգրվան է մեր երկկողմ հարաբերություններում, որը մեզ տրամադրում է տարածաշրջանային անվտանգության, կայուն զարգացման և մարդու իրավունքների կարևոր ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու ընդլայնված շրջանակ», - ասել է Հայաստանի արտգործնախարարը՝ շարունակելով. - «Ռազմավարական երկխոսության միջոցով մենք վերահաստատում ենք Միացյալ Թագավորության հետ սերտորեն աշխատելու մեր հանձնառությունը՝ համաշխարհային մարտահրավերներին դիմակայելու և մեր ընդհանուր շահերն առաջ մղելու հարցում: Մենք ձգտում ենք երկկողմ համագործակցության է'լ ավելի հավակնոտ օրակարգի՝ Հայաստան-ՄԹ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման միջոցով»։

«Մենք երկար ճանապարհ ունենք անցնելու, և այդ ճանապարհի կարևոր շրջադարձը սկսվում է այստեղ և այսօր», - ընդգծել է Միրզոյանը:

Երեկ նախարար Դոքերթիի հետ բանակցություններում, ինչպես հաղորդում է պաշտոնական Երևանը, կողմերն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների ողջ օրակարգին, խոսել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացից, քննարկել Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչության կարիքներին ու իրավունքներին վերաբերող հարցեր:

Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը վերաբերում է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանը:

Բրիտանիայի դեսպանատան հաղորդագրությունն, իր հերթին, ընդգծում է, որ Դոքերթին խոսել է Հայաստանի և Ադրբեջանի՝ միջազգային միջնորդությամբ բանակցություններում ներգրավման հրատապ անհրաժեշտությունը և վերահաստատել է Լոնդոնի հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի բարեփոխումներին։

Նախապես ծրագրված էր, որ Միրզոյանը երեկ պետք է հանդիպեր Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի հետ, սակայն հենց երեկ վարչապետ Ռիշի Սունակը փոփոխություններ արեց կաբինետում և նոր նախարար նշանակեց Դեյվիդ Քեմերոնին։ Վերջինս արտգործնախարարի պաշտոնում իր առաջին աշխատանքային օրվա ընթացքում Արարատ Միրզոյանի հետ չհանդիպեց։

Լոնդոնում բացվեց Հայաստանի նոր դեսպանատունը, տրվեց ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության մեկնարկը
please wait

No media source currently available

0:00 0:03:36 0:00

XS
SM
MD
LG