Մատչելիության հղումներ

«Գազայում տասը րոպեն մեկ երեխա է սպանվում». Թեդրոս Գեբրեյեսուս


ԱՀԿ ղեկավար Գեբրեյեսուսը ՄԱԿ-ի ԱԽ նիստում, Նյու Յորք, 10 նոյեմբերի, 2023թ.
ԱՀԿ ղեկավար Գեբրեյեսուսը ՄԱԿ-ի ԱԽ նիստում, Նյու Յորք, 10 նոյեմբերի, 2023թ.

Գազայի հատվածում միջինը յուրաքանչյուր 10 րոպեն մեկ երեխա է սպանվում, նախօրեին երեկոյան Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:

Նրա խոսքով` Գազայում այսօրվա դրությամբ ոչ մի ապահով տեղ չկա: Ըստ ԱՀԿ ղեկավարի՝ Գազայի 36 հիվանդանոցների կեսը և առողջապահական կենտրոնների երկու երրորդը չեն գործում, իսկ դեռևս աշխատող բուժկենտրոններում աներևակայելի ծանր պայմաններ են:

«Հիվանդանոցների միջանցքները լցված են վիրավորներով, հիվանդներով, մահացողներով: Դիահերձարանները լցվել են: Վիրահատություն առանց անզգայացման: Տասնյակ հազարավոր տեղահանված մարդիկ ապաստանել են հիվանդանոցներում»,- ասել է Գեբրեյեսուսը:

«Միջին հաշվով Գազայում յուրաքանչյուր 10 րոպեն մեկ երեխա է սպանվում»,- ասել է Գեբրեյեսուսը։

Գեբրեյեսուսի փոխանցմամբ՝ ինքը մեծացել է Եթովպիայում պատերազմի ժամանակ և հասկանում է, թե ինչի միջով են անցնում Գազայի երեխաները. - «Օդում սուլող կրակոցների և արկերի ձայնը, դրանց հարվածից հետո ծխի հոտը, վախը, ցավը, կորուստը, այս բաներն ինձ հետ են մնացել իմ ողջ կյանքի ընթացքում»:

Իսրայելը խոստացել է ոչնչացնել «Համաս» կառույցը (ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից այն ճանաչվել է ահաբեկչական), որը հոկտեմբերի 7-ին հարձակվել է Իսրայելի վրա:

Պատերազմի ընթացքում զոհվել է մոտ 1200 իսրայելցի, կա ավելի քան 240 պատանդ: Պաղեստինցիների զոհերի թիվը գերազանցել է 10 հազար 560-ը:

ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Գիլադ Էրդանն անվտանգության խորհրդին ասել է, որ Իսրայելը ստեղծել է աշխատանքային խումբ՝ Գազայի հարավում հիվանդանոցներ հիմնելու համար: Հոկտեմբերի 12-ին Իսրայելը հրամայել է Գազայի հատվածում գտնվող մոտ 1 միլիոն 100 հազար բնակիչներին տեղափոխվել դեպի հարավ:

ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի տեղակալ Ռոբերտ Վուդն ասել է, որ քաղաքացիական և մարդասիրական նշանակության հաստատությունները պետք է հարգվեն և պաշտպանվեն միջազգային իրավունքի համաձայն: Նա ավելացրել է, որ ծայրահեղական կազմակերպություն «Համաս»-ը Գազայի խաղաղ բնակիչներին օգտագործում է որպես կենդանի վահան:

«Այդ վախկոտ մարտավարությունը չի նվազեցնում «Համաս»-ի դեմ պայքարում խաղաղ բնակիչներին ահաբեկիչներից տարբերելու Իսրայելի պատասխանատվությունը: Գործողություն ծրագրելիս դա պետք է հաշվի առնել և անել հնարավորը խաղաղ բնակիչներին վնաս չպատճառելու համար»,- ասել է Վուդը:

Անվտանգության խորհրդի նիստը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Իսրայելում և Գազայում սպանված խաղաղ բնակիչների, այդ թվում՝ Պաղեստինի փախստականների հարցերով ՄԱԿ-ի գործակալության 101 աշխատակիցների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG