Մատչելիության հղումներ

ՀՀ սուվերեն տարածքի որևէ հատվածի վրա երրորդ երկրի վերահսկողություն հաստատվել չի կարող. Երևանն արձագանքում է Մոսկվային


Տարածաշրջանային կոմունիկացիաների բացման դեպքում Հայաստանն իր տարածքում իր պետական ինստիտուտների միջոցով պետք է իրականացնի սահմանային, մաքսային հսկողություն, հայտարարել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ արձագանքելով Մոսկվային։

Անի Բադալյանը նշել է, որ դա ակնհայտ է դառնում Հայաստանի Հանրապետության կառավարության վերջերս հրապարակած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հիմնական սկզբունքներից։

«Հայաստանի Հանրապետությունը երբևէ, որևէ փաստաթղթով չի համաձայնվել իր սուվերենության որևէ սահմանափակման, և իր սուվերեն տարածքի որևէ հատվածի վրա երրորդ երկրի վերահսկողություն հաստատվել չի կարող», - շեշտել է նա:

Ըստ Արտգործնախարարության խոսնակի՝ բացի դա, Հայաստանի ԱԱԾ-ում վերջերս ստեղծվել է հատուկ ստորաբաժանում, որի խնդիրը տարածաշրջանային կոմունիկացիաների բացման դեպքում այդ կոմունիկացիաների ինչպես նաև դրանցով ապրանքների, բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցման անվտանգության ապահովումն է:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էր այսօր կրկին հայտարարել, թե Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային կապը պետք է վերահսկեն ոչ թե հայերը, այլ Ռուսաստանի անվտանգության ծառայության սահմանապահները, պնդելով, թե այդ մասին նշված է նոյեմբերի 9-ի և դրանից հետո ստորագրված եռակողմ փաստաթղթերում։

Հայկական կողմն ավելի վաղ էլ շեշտել էր՝ երբեք և որևէ փաստաթղթով չի ստանձնել սահմանային վերահսկողությունը երրորդ երկրի հանձնելու պարտավորություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG