Մատչելիության հղումներ

Կեսգիշերից դադարեցվել է Ռուսաստանի մասնակցությունը Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրին


Նոյեմբերի 7-ի գիշերն ավարտվեց Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին (ԵՍԶՈՒ) պայմանագրից Ռուսաստանի դուրս գալու ընթացակարգը, հաղորդում է Ռուսաստանի արտգործնախարարությունը։

Պայմանագիրը կասեցվել է դեռ 2007 թվականին, և այժմ այն «վերջապես մեզ համար դարձավ պատմություն», - ասվում է Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարությունում։

Այն նաև ընդգծում է, որ «այս փուլում ՆԱՏՕ-ի անդամների և այդ դաշինքի «պատվիրատու երկրների» իշխանությունների հետ սպառազինությունների վերահսկման ոլորտում որևէ պայմանավորվածություն հնարավոր չէ»։

Ռուսաստանի նախագահը պայմանագրից դուրս գալու օրինագիծը Պետդումա էր ներկայացրել մայիսի 10-ին՝ պարզաբանելով, որ «90-ականների սկզբին կնքված պայմանագիրը ռազմաքաղաքական լայնածավալ փոփոխություններով պայմանավորված, առաջին հերթին ՆԱՏՕ-ի ընդլայնման հետ կապված, մեծ մասամբ հնացել է և կորցրել իրականության հետ կապը»։

Մայիսի 16-ին պատգամավորները միաձայն պաշտպանել են նախագահի առաջարկը։ Մայիսի 24-ին պայմանագիրը չեղյալ է հայտարարել նաև խորհրդարանի վերին պալատը՝ Դաշնության խորհուրդը:

Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը ստորագրվել է 1990-ին Փարիզում ՆԱՏՕ-ի 16 երկրների և Վարշավայի պայմանագրի վեց երկրների ներկայացուցիչների կողմից։

Պայմանագրում նշվել են մարտական տանկերի, զրահատեխնիկայի, հրետանու, հարվածային ուղղաթիռների և ինքնաթիռների քանակի սահմանափակումները, որոնցով պետք է առաջնորդվեին մասնակիցները:

Ըստ Մոսկվայի՝ պայմանագիրը 1999-ին խմբագրվել է, սակայն ՆԱՏՕ-ի երկրները լրամշակումները չեն վավերացրել:

2007-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել պայմանագիրը և դրա հետ կապված միջազգային փաստաթղթերը սառեցնելու մասին, քանի դեռ այն չեն վավերացրել ՆԱՏՕ-ի երկրները:

Հյուսիսատլանտյան դաշինքն այնուհետեւ հայտարարել է, որ Մոսկվայի գործողությունները չեն նպաստում Եվրոպայի անվտանգությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG