Մատչելիության հղումներ

Օվերչուկ. «Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը երկկողմանի խնդիր է»


ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների բացման եռակողմ աշխատանքային խմբի ռուսաստանցի համանախագահ, փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը երկու երկրների գործն է:

«Ինչ վերաբերում է դրանում Ռուսաստանի մասնակցությանը և դերին, մենք միշտ պատրաստ ենք աջակցել։ Մենք պատրաստ ենք տրամադրել փաստաթղթեր, այդ թվում՝ քարտեզագրական, որոնք պատմականորեն գոյություն ունեն Ռուսաստանում»,- ասել է նա։

Խոսելով հաղորդակցությունների ապաշրջափակման մասին՝ Օվերչուկն ասել է, որ «պաշտոնապես գոյություն ունի աշխատանքային խումբ», և նշել, որ այն վերջին անգամ հունիսի 2-ին է հանդիպել։

«Մեղրիով երկաթուղու շինարարության մեկնարկի մասին համատեղ հայտարարության տեքստը նույնպես մեծ մասամբ պատրաստ է, ինչ վերաբերում է բուն ճանապարհի կառուցմանը, գիտեք, այժմ Ադրբեջանն արդեն սկսել է Իրանի տարածքով ավտոմայրուղու շինարարությունը՝ շրջանցելով Հայաստանի տարածքը»,- նշել է ՌԴ փոխվարչապետը։

Նրա խոսքով, Ադրբեջանը և Իրանը նաև ստորագրել են հուշագիր Իրանի տարածքով՝ Հայաստանի տարածքը շրջանցող երկաթուղու կառուցման մասին։ Հյուսիս-Հարավ մայրուղին, որը կառուցվում է Հայաստանում, շատ կարևոր ենթակառուցվածքային ծրագիր է, որն Իրանից Հայաստանով կանցնի Վրաստան:

«Հաշվի առնելով Վերին Լարսը, այն նաև շատ կարևոր դեր կունենա մեր Հյուսիս-Հարավ միջանցքի համար, մենք դրանում վստահ ենք»,- հավելել է ՌԴ փոխվարչապետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG