Մատչելիության հղումներ

Ղազախստանում հանքավայրում վթարի հետևանքով զոհվել է առնվազն 32 հանքափոր


Ղազախստան - Arcelor Mittal ընկերության հանքավայրը Շախտինսկում, արխիվ
Ղազախստան - Arcelor Mittal ընկերության հանքավայրը Շախտինսկում, արխիվ

Կարագանդայի Կոստենկոյի անվան հանքավայրում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 32-ի։ Այդ մասին հայտնել է հանքավայրի սեփականատեր Arcelor Mittal Temirtau ընկերության մամուլի ծառայությունը:

«252 հանքափորներից 208-ը դուրս է բերվել, նրանցից 18-ը դիմել են բուժօգնության, վթարված հանքում մնացել է երկու տասնյակ հանքափոր, հայտնաբերվել է 32 հանքափորի դի, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են», - ասվում է հաղորդագրության մեջ։

Վթարից հետո Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կառավարությանը կարգադրել է դադարեցնել ներդրումային համագործակցությունը Arcelor Mittal Temirtau ընկերության հետ, որը հանրապետության հանքարդյունաբերության և մետաղագործության ոլորտում ամենախոշոր ձեռնարկությունն է և պատկանում է Arcelor Mittal միջազգային մետաղագործական կոնցեռնին:

Ղազախստանի կառավարությունը նախնական համաձայնություն է ձեռք բերել Arcelor Mittal Temirtau ԲԲԸ բաժնետերերի հետ առ այն, որ ձեռնարկության սեփականության իրավունքը կփոխանցվի պետությանը։

Նախնական վարկածի համաձայն, հանքում վթարի պատճառը մեթան գազի պայթյունն է եղել, հանքավայր ժամանած իրավապահները և փորձագետները պարզում են ողբերգության հանգամանքները:

Կոստենկոյի անվան հանքավայրում տեղի ունեցած վթարի փաստով քրեական գործ է հարուցվել:

Ղազախստանի նախագահ Տոկաևը հոկտեմբերի 29-ը սգո օր է հայտարարել հանքում վթարի զոհերի համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG