Սերբիայի ոստիկանությունը «Ազատություն» ռադիոկայանի բալկանյան ծառայությանը հայտնել է, որ հոկտեմբերի 27-ի վաղ առավոտյան Սերբիայի և Հունգարիայի սահմանի մոտ միգրանտների միջև փոխհրաձգության հետևանքով զոհվել է երեք մարդ, ևս մեկը ծանր վիրավորվել է։
Հրաձգությունը տեղի է ունեցել Հորգոս գյուղի մոտակայքում գտնվող լքված գյուղատնտեսական պահեստների հավաքածուում: Դեպքի վայր են ուղարկվել մեծ թվով ոստիկաններ, կատարվում է հետաքննություն։
Բալկանյան երթուղու վրա գտնվող Սերբիան պատերազմներից և աղքատությունից փախչող միգրանտներն օգտագործում են Արևմտյան Եվրոպա մտնելու համար: Սերբիայի և Եվրոպական միության անդամ Հունգարիայի միջև սահմանային գոտին վերջին շրջանում դարձել է տարբեր խմբավորումների միջև բռնությունների, զինված միջադեպերի վայր։