Մատչելիության հղումներ

ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը դատապարտել է Ադրբեջանի ռազմական գործողությունը ԼՂ-ում


Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը հրատապ քննարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի հարցով և հռչակագիր ընդունել, հայտնում է Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը՝ X (նախկին Twitter) սոցիալական ցանցում արված գրառմամբ։

Ըստ այդ հաղորդագրության՝ ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը խստորեն դատապարտել է Ադրբեջանի ռազմական գործողությունը, ափսոսանք հայտնել մարդասիրական հետևանքների համար և կոչ արել Ադրբեջանին ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի բոլոր ներկայացուցիչներին։

Ըստ ԵԽ կայքէջում հրապարակված նախագծի, Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը խստորեն դատապարտում է ռազմական գործողությունը Ադրբեջանի կողմից Ղարաբաղում սեպտեմբերի 19-20-ը իրականացվածը և դրան նախորդող տասնամսյա շրջափակումը:

Ըստ նախագծի, Կոնգրեսը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն խորը մտահոգություն հայտնում ստեղծված հումանիտար իրավիճակի վերաբերյալ և ողջունում է Հայաստանի իշխանությունների ջանքերը՝ արձագանքելու ԼՂ-ից տեղահանվածների կարիքներին:

ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը Ադրբեջանին կոչ է անում ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է հանգեցնել իրավիճակի հետագա վատթարացման, ինչպես նաև հորդորում է բաց թողնել Ղարաբաղի բոլոր ներկայացուցիչներին, այդ թվում՝ պաշտոնյաներին:

Իր աջակցությունը հայտնելով ՀՀ իշխանությունների ջանքերին՝ արցախցիներին ընդունելու հարցում՝ կոնգրեսը կոչ է անում եվրոպական այլ երկրների ազգային, տարածաշրջանային և տեղական իշխանություններին աջակցել Հայաստանին այս հարցում:

Ըստ հրապարակման, Կոնգրեսը «կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ապահովել մարդասիրական օգնության անարգել առաքումը այդ շրջանում մնացածներին, այդ թվում՝ Լաչինի միջանցքի ամբողջական վերաբացման միջոցով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG