Մատչելիության հղումներ

Հայաստանի իշխանության քննադատություններից հետո Մոսկվան անցավ գործնական քայլերի


ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդին, արխիվ
ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդին, արխիվ

Հայաստանի իշխանությունների հասցեին հրապարակային քննադատություններից ու կշտամբանքներից հետո այսօր Մոսկվան անցավ գործնական քայլերի: Պետդումայի խոսնակը հայտարարեց, թե որոշել են անորոշ ժամանակով հետաձգել հայկական վարորդական վկայականները ճանաչելու մասին օրինագծի քննարկումը․ դա չի համապատասխանում Ռուսաստանի շահերին, ասաց Վյաչեսլավ Վոլոդինը:

«Մենք ճիշտ համարեցինք հետաձգել օրինագիծը, որով հավելյալ արտոնություններ են տրվում, քանի որ Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները, իշխանությունները որևէ քայլ չեն արել ռուսաց լեզվի կարգավիճակի հարցով: Բելառուսում, Ղրղըզստանում ռուսաց լեզվի կարգավիճակն ամրագրված է Սահմանադրությամբ», - ընդգծեց Վոլոդին՝ հավելելով, որ Ռուսաստանը նույնն է ակնկալում նաև Հայաստանից։

Մինչ այդ՝ երեկ էլ ռուսական քարոզչամեքենայի առաջատարը՝ Առաջին ալիքը եթեր էր հեռարձակել Հայաստանի վարչապետին, մեղմ ասած, քննադատող ծրագիր՝ «Նիկոլ Փաշինյան. աղետ բերողը» վերնագրով։ Գրեթե մեկ ժամանոց հաղորդման մեջ հատուկ շեշտվում էր՝ Ռուսաստանից տարեկան մոտ 30 միլիարդ ռուբլի է ուղարկվում Հայաստան, Մոսկվան 4 ռազմաբազա ու կայանատեղ ունի Հայաստանի տարածքում և առնվազն 4 հազար սահմանապահ։

Մոսկվան սպառնում է Երևանին, ասում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը, ում ռուսական կողմը ներկայացնում էր որպես Արևմուտքի գործակալ:

«Դա կարող է լինել, օրինակի համար, գազի մատակարարման դադարեցում, կարող են լինել այլ պատժամիջոցներ, ասենք՝ երկկողմանի առևտրային կապերի՝ գիտենք, որ բավական մեծ ծավալի ապրանքներ՝ առաջին անհրաժեշտության սննդի ապրանքներ Ռուսաստանից են նաև ներմուծվում: Դա կարող է լինել փորձեր՝ այստեղ ապակայունացնելն, այդ թվում՝ ընդհուպ մինչև տեղական իրենց գործակալների միջոցով հեղաշրջում անելը: Չեմ խոսում նաև ռուսական զինված ուժերի ներկայությամբ՝ հանձին ռուսական բազայի, միջամտությունը, ուղղակի միջամտությունը», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Սաքունցը՝ շարունակելով. - «Ամեն ինչ հնարավոր է, որովհետև մենք ամեն ինչ էլ տեսել ենք Ռուսաստանի Դաշնության կողմից անցած տարիների ընթացքում՝ թե՛ Վրաստանի նկատմամբ, թե՛ Ուկրաինայի»:

Մոսկվայի և Երևանի միջև տարաձայնություններից մեկն էլ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքն է: Երեկ ռուսական Առաջին ալիքը հրավիրել էր մի պաշտոնյայի, ով պնդեց, թե մասնակցել է Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպումներին, չթաքցնելով, որ ռուսական կողմը նպատակ և ցանկություն ունի անձամբ կառուցել և իր վերահսկողության տակ առնել Ադրբեջանը Նախիջևանին կապող այդ ճանապարհը։ «Այդ 45 կիլոմետրը, որը կոչվում է Զանգեզուրի միջանցք, մենք պետք կառուցեինք։ Եվ մենք չենք հասկանում, թե ինչու է Հայաստանը դեմ», - հայտարարեց նա:

Հայաստանը շարունակում է հայտարարել, որ դեմ չէ տարածաշրջանային ճանապարհների բացմանը, պայմանով, որ դրանք կլինեն Հայաստանի օրենսդրության ներքո։ Այս մասին, սակայն, ռուսական կողմից որևէ մեկը որևէ բառ չասաց։ Ընդհանուր առմամբ, ամբողջ հաղորդումը կառուցված էր մանիպուլյացիաների, սուտ տեղեկությունների և հերյուրանքների վրա։

Ընդ որում, որպես հյուր ծրագրին մասնակցում էր նաև Երևանի ավագանու անդամ, «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։

«Ազատության» հարցին՝ ինչպե՞ս է հայտնվել այդ ծրագրում, և տեղյա՞կ էր արդյոք, թե ինչի մասին է լինելու ծրագիրը, Թևանյանն արձագանքեց. - «Հրավիրվել եմ ռուսական Առաջին ալիքի կողմից՝ որպես հյուր մասնակցելու, և ասել են, որ «Հայաստանի վերաբերյալ, Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության վերաբերյալ ձեր տեսակետներն ենք ուզում իմանալ», ես էլ համաձայնել եմ»:

Իշխող կուսակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը, մինչդեռ, ռուսական կողմի վերջին հրապարակային քայլերում վտանգ չի տեսնում, վստահ է՝ երեկվա ծրագրից հետո վարչապետ Փաշինյանի վարկանիշը բարձրացել է. - «Ասենք, առանց 1 դրամ ծախսելու մենք ևս մի քանի տոկոս ավելացրեցինք երկրի ղեկավարի վարկանիշը: Առանց փող ծախսելու բարձրացրեցին, էդ կոլեկտիվը, որ նստած էր էդ ստուդիայում, բարձրացրեց Հայաստանում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը»:

Ի դեպ, ծրագրում օգտագործված կադրերի շարքում կան նաև «Ազատության» կադրերը, որոնք օգտագործվել են առանց «Ազատությանը» տեղյակ պահելու։

Այսօր օրվա վերջին Հայաստանի արտգործնախարարությունից հայտնեցին, որ գերատեսչություն է կանչվել Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ «հոկտեմբերի 23-ին «‎Առաջին ալիք» համառուսաստանյան դաշնային հեռուստատեսության եթերում թողարկված հաղորդման առնչությամբ, որի ընթացքում հնչեցվել էին վիրավորական և բացարձակապես անընդունելի արտահայտություններ Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին»: Դեսպանին է հանձնվել համապատասխան բողոքի հայտագիր:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG