Մատչելիության հղումներ

Արցախից բոլոր տեղահանվածները չէ, որ ստացել են հատկացվող պետական աջակցությունը


Արցախից տեղահանված Գրիգորի Ծատրյանն իր 5 հոգանոց ընտանիքով դեռ չի ստացել Հայաստանի կառավարության հատկացրած 100 հազարական դրամները։ Էկրաններից անընդհատ լսում է պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետի հայտարարությունները, թե քանի հոգի ստացավ այդ գումարները, բայց իր ընտանիքն արդեն 20 օրից ավելի է չի ընգրկվում այդ ցուցակում։

«Ամսի 26-ին եմ եկել, դիմել եմ Վայք, ապա թաղապետարան, նորից են գրանցել։ Չկանք մենք այդ համակարգում։ Հետո Նոր Նորքում տուն ենք վարձել, նորից էստեղի թաղապետարանում են գրանցել, բայց ոչ մի բան չեն փոխանցել», - ասում է նա։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են՝ շուրջ 80 հազար արցախցի արդեն ստացել է 100 հազարականները, ավելի քան 10 հազարն էլ այս շաբաթ կստանա։

Շուրջ 3 շաբաթ, սակայն, այդ գումարին է սպասում մեկ այլ տեղահանված արցախցի։ Վաղինակ Առուշանյանը պետության երկու պահանջներին համապատասխանում է՝ բանկի քարտ ունի, որպես տեղահանված էլ գրանցվել է, բայց պետական աջակցությունը չկա ու չկա։

«Ազատության» այս զրուցակիցները դեռ պետք է սպասեն իրենց 100 հազարականներին։ Իսկ Սյուզաննա Արզումանյանի ընտանիքն արդեն ծախսել է միանվագ տրամադրված այդ օգնությունը, որովհետև Արցախից տեղահանվել ու Հայաստան են հասել դատարկ ձեռքով։ Երևանի ծայրամասերից մեկում վարձակալած տան գումարն են վճարել, ևս մեկ ամսվա դեպոզիտն էլ՝ վրադիր։ Եկած օրից լսում է, որ պետությունը 6 ամիս շարունակ կտրամադրի 40 հազար դրամ որպես տան վարձ, ևս 10 հազար՝ կոմունալ ծախսերի համար։

«10-ն ու 40-ը դեռ չենք ստացել, դեռ հաստատված չի այդ որոշումը», - ասաց նա։

20 օրից ավելի այս գումարներին սպասող արցախցիները՝ 40 և 10 հազարականները կստանան այս ամսվանից, անկախ նրանից վարձով են ապրում, թե բարեկամների տանը։ Կառավարության այսօրվա նիստում սոցապնախարար Նարեկ Մկրտչյանը, սակայն, պարզաբանեց՝ նոյեմբերից արդեն որոշ բացառություններ կգործեն։

«Կգործարկենք էլեկտրոնային հարթակ, որտեղ մեկանգամյա դիմումի հիման վրա կմշակվեն տվյալները, և կտրամադրվի համապատասխան աջակցությունը։ Այստեղ աջակցություն չի տրամադրվի նրանց, ովքեր ունեն սեփականություն, ապրում են պետության հոգածության ներքո, խնամքի հաստատություններում կամ այլ համայնքային և պետական կացարաններում», - ասաց նա։

Երկու անչափահաս երեխաների մայր Սյուզաննան ասում է՝ ինքն ու ամուսինը լսել են պաշտոնական հայտարարությունները, որ առաջին անհրաժեշտության պարագաների համար կարող են դիմել թաղապետարան, դիմել են, երկու շաբաթ է անցել, դա էլ չեն ստացել. - «Նոր Նորքի թաղապետարան դիմել ենք կացարանի և սննդի համար, մինչև օրս չեն զանգել ու չեն հետաքրքրվել»։

Սյուզաննայի վարձակալած տանն անգամ մահճակալ չկա, հագուստն էլ ստիպված կլինի այս ցրտերին ձեռքով լվանալ։ Թաղապետարան էլ չի դիմի, որովհետև մեկ անգամ դիմել ու պատասխան չեն ստացել։ Տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանն «Ազատության» եթերում էր ասել՝ սնունդ կա, չստացողները թող դիմեն իրենց վարչական շրջաններ, եթե չստանան, դիմեն իրենց։ Սյուզաննան ասում է՝ հենց այս հարցազրույցով էլ թող համարեն, որ իրենց է դիմում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG