Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի հոկտեմբերի 19-ի առավոտվա ամփոփագրում անուղղակի հաստատվում է Դնեպրի ձախ ափին ուկրաինական դեսանտ իջեցնելու մասին լուրերը։ Ռուսական ավիահարվածների ենթարկված բնակավայրերի շարքում նշված են նաև Դնեպրի ձախ ափին ընկած երկու գյուղեր, այստեղից ենթադրվում է, որ ուկրաինական ուժերը մտել են այդ գյուղերը։
Երկու օր առաջ ռուսական Տելեգրամ ալիքները գրել էին, որ ուկրաինական ծովային հետևակի երկու գրոհային խումբ անցել են Դնեպրը և հրետանային կրակի օժանդակությամբ ճեղքել են ռուսական դիրքերի պաշտպանության առաջին գիծը։
Ուկրաինական ուժերի հնարավոր առաջխաղացման մասին գրել է նաև «Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտը»։ Ամերիկյան ինստիտուտը, սակայն, ենթադրում է, որ Դնեպրի ձախ ափին դեռևս պլացդարմ չի ստեղծվել ծանր տեխնիկան գետն անցկացնելու և լուրջ մանյովրներ իրականացնելու համար։