Մատչելիության հղումներ

Կառավարությունը հաջորդ տարի նախատեսում է ծախսել 7.4 միլիարդ դոլար. ինչպե՞ս է բաշխվելու


Կառավարության նիստ, արխիվ
Կառավարության նիստ, արխիվ

3 տրիլիոն դրամ՝ ներկայիս փոխարժեքով 7.4 միլիարդ դոլար. ահա այսքան է պլանավորում ծախսել կառավարությունը հաջորդ տարի։ Պետական բյուջեի նախագծով, որը դեռ Ազգային ժողովը պետք է հաստատի՝ այս տարվա համեմատ 2024-ին ծախսերը կաճեն շուրջ 16 տոկոսով՝ ավելի քան մեկ միլիարդ դոլարով։

Հայաստանի գերակա ոլորտները նույնն են՝ սոցիալական ապահովություն, պաշտպանություն ու անվտանգություն, բայց տրամադրվող գումարների չափաբաժիններում կան նաև զգալի փոփոխություններ։

Ինչպե՞ս է բաշխվելու 7.4 միլիարդ դոլարը. Գալիք տարում ամենաշատը գումարը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը կհատկացվի՝ 1.8 միլիարդ դոլար, սա ընդհանուր բյուջեի 24 տոկոսն է կազմում։ Գերատեսչության ծախսերը բյուջեի նախագծով կավելանան 14 տոկոսով։

Այս ոլորտում գործադիրի սահմանած հիմնական նպատակներն են ծայրահեղ աղքատության վերացումը, աղքատության մակարդակի էական կրճատումը, սոցիալական երաշխիքների ապահովումը։ Արցախից եկած քաղաքացիների համար էլ սոցիալական աջակցության ծրագրեր կիրականացնեն. բայց թե ի՞նչ քայլեր կլինեն արդեն իսկ հայտարարվածներից զատ՝ մանրամասներ չկան։

Հատկացումների ծավալով հաջորդում է Պաշտպանության նախարարությունը՝ 2024-ին զինված ուժերի համար նախատեսվում է 1.4 միլիարդ դոլար ծախսել՝ ընդհանուր բյուջեի գրեթե 19 տոկոսը։ Պաշտպանական ծախսերի աճն ի տարբերություն 2023-ի՝ շատ ավելի համեստ է՝ 7 տոկոս 35-ի համեմատ։ Թե ի՞նչ է արվելու 1.4 միլիարդով, գործադիրը շատ փակագծեր չի բացում։ Նշվում է միայն զենք-զինամթերքի հնարավոր գնումների ու բանակի մարտունակության բավարարման ծախսերի մասին՝ առանց հստակությունների։

Ազգային ժողովը բյուջե 2024-ի քննարկումներն առաջիկայում կսկսի։ Զինված ուժերին վերաբերող հատվածը սովորաբար փակ ռեժիմով է անցնում։

Այս գումարից ավելի քան 700 միլիոն դոլարը տարբեր տեսակի շինությունների կառուցման համար կծախսվի։ Բուն ռազմական կարիքների համար նախատեսում են 635 միլիոն դոլար ծախսել։

Ադրբեջանի հաջորդ տարվա ռազմական բյուջեն 2.7 անգամ կգերազանցի Հայաստանի պաշտպանական բյուջեն։ Բաքուն հաջորդ տարի պլանավորել է բանակին 3.8 միլիարդ դոլար հատկացնել։

Երկու երկրներում էլ պաշտպանական ծախսերի ավելացումը գրեթե նույն ծավալով կլինի. Հայաստանում 7.3 տոկոս, Ադրբեջանում՝ 6։ Ընդհանուր բյուջեի համեմատ զինված ուժերին հատկացվող միջոցների հարաբերակցությունն էլ շատ չի տարբերվում. գրեթե 19 տոկոս Հայաստանում, շուրջ 18՝ Ադրբեջանում։

Հայաստանի իշխանությունները ցանկանում են հաջորդ տարի շեշտակի՝ 38 տոկոսով ավելացնել կրթության բյուջեն, այն դարձնելով 850 միլիոն դոլար՝ ընդհանուր ծախսերի 11.5 տոկոսը։ Ավելացված գումարի զգալի մասը կուղղվի 300 դպրոցների, 500 մանկապարտեզների կառուցմանն ու հիմնանորոգմանը. այս աշխատանքների համար կծախսվի 275 միլիոն դոլար։

Մանկավարժների մասնագիտական որակների ու եկամուտների բարձրացում, առարկայական ծրագրերի բարելավում, դպրոցներում գույքային հագեցվածություն. սրանք հանրակրթության ոլորտում գործադիրի սահմանած թիրախներն են։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության բյուջեն գրեթե անփոփոխ կմնա՝ 730 միլիոն դոլար։ Ավելի քան 400 կիլոմետր ճանապարհներ են պլանավորում հիմնանորոգել ու շարունակել «Հյուսիս-Հարավի» շինարարությունը։

Կառավարության հավանությանն արժանացած նախագծով Առողջապահության նախարարության բյուջեն 2024-ին 410 միլիոն դոլար կկազմի, այն կաճի ավելի քան 18 տոկոսով՝ 64 միլիոն դոլարով։

Ավելացված գումարի զգալի մասը առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրմանը կուղղեն։ Գործադիրն այս համակարգը նախատեսում է գործարկել հաջորդ տարվա ընթացքում, բայց համապատասխան որոշումները դեռ չկան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG