Մատչելիության հղումներ

Լեհաստանում իշխանությունը կարող է անցնել ընդդիմությանը


Լեհաստան - «Քաղաքացիական դաշինք» կուսակցությունը ողջունում է էքզիթ փոլի արդյունքները, Վարշավա, 15-ը հոկտեմբերի, 2023թ.
Լեհաստան - «Քաղաքացիական դաշինք» կուսակցությունը ողջունում է էքզիթ փոլի արդյունքները, Վարշավա, 15-ը հոկտեմբերի, 2023թ.

Լեհաստանում հոկտեմբերի 15-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ընդդիմադիր երեք ուժերը ստացել են բավարար թվով մանդատներ միավորվելու և կոալիցիոն կառավարություն կազմելու համար:

Յարոսլավ Կաչինսկու առաջնորդած «Իրավունք և արդարություն» պահպանողական կուսակցությունը, որը 8 տարի է իշխում Լեհաստանում, ըստ էքզիթ փոլի արդյունքների, հավաքում է քվեների 36.8 տոկոսը՝ 200 տեղ, և չի ունենա մեծամասնություն 460-տեղանոց խորհրդարանում:

Իշխող ուժի հնարավոր դաշնակիցը «Համադաշնություն» եվրոսկեպտիկ կուսակցությունն է, որը ստանում է 6.2 տոկոսը՝ 12 տեղ: Նրանց ընդհանուր մանդատների թիվը 212 է, մինչդեռ մեծամասնության համար 231 քվե է անհրաժեշտ:

Լեհաստանի նախկին վարչապետ և Եվրոպական խորհրդի նախկին նախագահ Դոնալդ Տուսկի ղեկավարած «Քաղաքացիական կոալիցիան» ստանում է քվեների 31.6 տոկոսը՝ 163 տեղ, «Երրորդ ուղի» ցենտրիստական ասոցիացիան՝ 13 տոկոսը՝ 30 տեղ, և «Ձախը»՝ 8.6 տոկոսը՝ 12 տեղ:

Այդպիսով, ընդդիմությունն ունի 248 տեղ, ինչը բավական է մեծամասնության համար:

Եվրոպայի քաղաքական շրջանակներում Լեհաստանում 2023 թվականի հոկտեմբերի 15-ի խորհրդարանական ընտրություններն անվանել են «ամենակարևոր քվեարկությունը լեհական դեմոկրատիայի պատմության երեք տասնամյակի ընթացքում»:

Լեհաստանի ներկայիս վարչապետ Մատեուշ Մորավիեցկին հայտարարել է նոր կառավարություն ձևավորելու պատրաստակամության մասին՝ չնայած ընդդիմությունը ստացել է ձայների մեծամասնությունը երկրում կայացած խորհրդարանական ընտրություններում։

Մորավիեցկին, այնուամենայնիվ, հույս է հայտնել, որ նախագահ Անջեյ Դուդայից կստանա կառավարություն կազմելու առաջարկ:

«Լեհաստանի քաղաքական ավանդույթն է, երբ կառավարության ձևավորումը վստահում են հաղթող կուսակցությանը», - նշել է Լեհաստանի գործող վարչապետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG