Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Արրաս քաղաքում Գամբետայի ճեմարանում դանակով հարձակման հետևանքով ուսուցիչ է սպանվել, ևս երկուսը ծանր վիրավորվել են։ Այս մասին հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը հայտարարել է՝ հարձակումն իրականացրած անձը ձերբակալված է։
Ֆրանսիական աղբյուրների համաձայն՝ հարձակվողը հանցանքի պահին «Ալլահ աքբար» է բացականչել։ Ֆրանսիայի ոստիկանության աղբյուրը BFM հեռուստաընկերությանը հայտնել է, որ ձերբակալվածը մոտ 20 տարեկան է, ծնվել է Ռուսաստանում, ծագումով չեչեն է, տարիներ առաջ սովորել է նույն ճեմարանում։ Le Figaro-ի տվյալներով՝ Մագոմեդ Մոգուշկով անունով այդ անձը նախկինում իրավապահների ուշադրության կենտրոնում էր հայտնվել արմատական իսլամիզմի կասկածանքով։
Հաղորդվում է նաև, որ բերման է ենթարկվել ձերբակալվածի եղբայրը, ըստ որոշ հրապարակումների՝ երիտասարդին հայտնաբերել են մեկ այլ դպրոցի մոտ։
Հարձակումից հետո Արրաս քաղաքի բոլոր ուսումնական հաստատությունները փակվել են, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը մեկնել է Արրաս։