Մատչելիության հղումներ

Բայրամովը Բաքվում ընդունել է Բոնոյին


Լուսանկարը՝ Ադրբեջանի ԱԳՆ լրատվականի
Լուսանկարը՝ Ադրբեջանի ԱԳՆ լրատվականի

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն այսօր Բաքվում հանդիպել է Կովկասում բանակցությունների գծով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական Լուիս Բոնոյի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման գործընթացը: Այդ մասին հաղորդում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամլո վարչությունը:

«Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգի, տարածաշրջանում տիրող իրավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման և մեր երկրի կողմից Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի հայերի վերաինտեգրման ուղղությամբ կատարվող աշխատանքի շուրջ», - ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Բայրամովը Բոնոյին ասել է, թե «Հայաստանը հակաադրբեջանական զրպարտչական արշավ է իրականացնում»:

Որպես դրա օրինակ նա նշել է Ադրբեջանին հասցեագրված «էթնիկ զտումների» մեղադրանքը, որը Երևանն է հնչեցրել, և պնդել է, թե «Ղարաբաղի հայերն ինքնակամ են լքել տարածաշրջանը»։ Բայրամովը դժգոհել է, թե դժգոհել, թե էթնիկ զտման մասին Հայաստանից հնչող հայտարարությունները խաթարում են վերաինտեգրման գործընթացը։

Լայնածավալ ռազմական հարձակումը, որի հետևանքով էլ Արցախն օրերի ընթացքում հայաթափվեց, Բայրամովը դարձյալ «հակաահաբեկչական գործողություն» է անվանել։

«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր», - ասված է հաղորդագրությունում։

XS
SM
MD
LG