Մատչելիության հղումներ

Հայաստանի վարչապետը չի չեղարկել Գրանադա այցը


Հայաստանը մինչ այսօր հաստատել է իր մասնակցությունը Գրանադայում նախատեսվող հնգակողմ հանդիպմանը, Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում այսօր հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով՝ հայկական կողմը մինչ այսօր «շատ կառուցողական ու լավատես էր տրամադրված»։

«Կարծում էինք, որ կա հնարավորություն շրջադարձային նշանակության փաստաթուղթ ստորագրելու, և, ըստ էության, մինչև այսօր առավոտ այդ հնարավորությունը շատ բարձր էինք գնահատում։ Փաստաթուղթ ասում եմ, շրջադարձային նշանակության, դա այն փաստաթուղթն է, որը խամաճիկային ընդդիմությունն ամեն ինչ անում էր, որպեսզի ներկայացվի որպես կործանարար փաստաթուղթ», - ասաց Փաշինյանը։

Վարչապետը հայտնեց, որ հայկական պատվիրակության այցը Գրանադա չի չեղարկվել։ Պատվիրակության կազմում, ըստ Նիկոլ Փաշինյանի, նաև արտգործնախարարն ու Անվտանգության խորհրդի քարտուղարն են լինելու։

«Իհարկե ցավում ենք, որ հանդիպումը տեղի չունեցավ, բայց հույս ունենք, որ այն հայեցակարգը հայեցակարգային փաստաթուղթը, որը դրված է սեղանին հարմար պահի կստորագրվի: Կգնանք, մեր տեսակետները կներկայացնենք», - ընդգծեց վարչապետը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է մասնակցել վաղը Գրանադայում նախատեսված հնգակողմ հանդիպմանը։ Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ, Բաքուն առաջարկել է, որ հանդիպմանը մասնակցի նաև թուրքական կողմը, սակայն հատկապես Բեռլինը և Փարիզն առարկել են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG