Մատչելիության հղումներ

Արդյո՞ք հայազգի Սարգիս Գալստյանը Բաքվի կողմից նշանակվել է Ստեփանակերտի պարետ


Սարգիս Գալստյան, արտապատկերում «Արցախ TV»-ի հեռուստառեպորտաժից, արխիվ
Սարգիս Գալստյան, արտապատկերում «Արցախ TV»-ի հեռուստառեպորտաժից, արխիվ

Ո՞վ է Սարգիս Գալստյանը և ճի՞շտ են արդյոք տեղեկությունները, թե նա Ադրբեջանի կողմից նշանակվել է Ստեփանակերտի պարետ։ Ոչ արցախցու հարազատները և ոչ էլ Ադրբեջանի իշխանություններն այս լուրը դեռ չեն հաստատում։

Առայժմ միայն լրագրող Թաթուլ Հակոբյանն է Ֆեյսբուքի իր էջում գրել, որ «Սարգիս Գալստյանը Ալիևի վարչակազմի կողմից նշանակվել է Ստեփանակերտի պարետ»։

Թաթուլ Հակոբյանը նաև կասկածներ է հայտնում, թե Արցախում տարիներ շարունակ տարբեր պաշտոններ զբաղեցրած Գալստյանը «դեռ 90-ականներին է հավաքագրվել Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից»:

Սարգիս Գալստյանը ադրբեջանցիների հետո ոչ մի կապ չունի. ազգական

Սարգիս Գալստյանի հարազատները «Ազատության» հետ զրույցում հաստատեցին՝ նա իսկապես մնացել է Արցախում՝ կնոջ հետ։ Բարեկամներից մեկը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ երեկ գիշերն է Գալստյանի հետ խոսել, նա պնդել է, որ ադրբեջանցիների հետ չի համագործակցում և որևէ պաշտոն էլ չի ստացել։ Ըստ ազգականի՝ քանի որ հեռախոսակապ չկա, Գալստյանն ինքն է զանգում Երևանու գտնվող իր հարազատներին ՝ ռուսների միջոցով։

«Ես կապ հաստատել եմ, ու տենց բան չկա։ Հերքել է այդ լուրը։ Ադրբեջանցիների հետ ոչ մի կապ ընդհանրապես չկա։ Երեկ եմ խոսել, գիշերը», - ասաց «Ազատության» զրուցակիցը։

«Ինչ-որ տեղ համոզված եմ, որ Սարգիս Գալստյանը զբաղված է Արցախում մնացած հայերի խնդիրներով». արցախցի պատգամավոր

Սարգիս Գալստյանն Արցախի խորհրդարանի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի հորեղբայրն է։

Պատգամավորն «Ազատությանը» փոխանցեց, որ նման տեղեկություն չունի, թե հորեղբայրը Ստեփանակերտի պարետ է նշանակվել և համագործակցում է ադրբեջանցիների հետ։ Վերջին անգամ նրան տեսել է սեպտեմբերի 28-ից հետո, երբ տարհանվում էին Արցախից։ Հորեղբայրն ասել է, որ Հայաստան չի գալիս, մնում է տեղի հայերին օգնելու։ Դրանից հետո նրա հետ խոսելու հնարավորություն չի ունեցել։

«Ասում էր՝ եթե մնա գոնե մեկ մարդ, ես էլ եմ մնալու իր հետ, ես մտածում էի, որ բոլորը էդ ժամանակ դուրս են գալու, բայց փաստորեն բոլորը դուրս չեն եկել, և ինքը մնացել է», - ասաց Դավիթ Գալստյանը։

Պատգամավորն ասում է, որ հորեղբայրն Արցախում տարիներ շարունակ տարբեր պաշտոններ է զբաղեցերել, 1990-ականներին մասնակցել է պատերազմական գործողություններին, եղել է Շուշիի վարչական շրջանի ղեկավարի տեղակալը, ապա աշխատել Ռազմահայրենասիրության և կրթության նախարարությունում։ Իսկ արդեն սեպտեմբերի 19-ի ադրբեջանական հարձակումից հետո, ըստ Դավիթ Գալստյանի, Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հորեղբորը մեկ այլ պաշտոնի է նշանակել։

«Իմ ունեցած տեղեկություններով՝ պատերազմից հետո Արցախի նախագահի հրամանագրով իրեն նոր պաշտոն են տվել, հստակ չեմ կարող ասել ինչ պաշտոն է։ Եթե Արցախից բոլոր պաշտոնյաները դուրս են եկել, հնարավոր է, որ պաշտոն են տվել, որ մնացած ժողովրդի հարցը լուծել։ Ինչ-որ տեղ համոզված եմ, որ Սարգիս Գալստյանը զբաղված է Արցախում մնացած հայերի խնդիրներով։ Եվ Շահրամանյանի կողմից նրան տրված պաշտոնը հենց դա է հաշվի առել», - նշեց արցախցի պատգամավորը։

Անդրադառնալով լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան այն գրառմանը, թե կասկած ունի, որ իր հորեղբայրը հավաքագրված է ադրբեջանցիների կողմից, Դավիթ Գալստյանը հարցնում է, որ եթե նման բան կա, ապա այդ տեղեկությունը լրագրողին որտեղի՞ց։ Արցախցի պատգամավորի խոսքով՝ չիմանալով իրականությունը, ենթադրությունների հիման վրա նման տեղեկություններ տարածելը ճիշտ չէ, իրականում, ըստ ընդդիմադիր պատգամավորի, դա արվում է իրեն, այդ թվում՝ արցախցի այլ պաշտոնյաների թիրախավորելու և վարկաբեկելու համար:

«Եթե դա հատուկ ծառայությունների պաշտոնական հաղորդագրություն լիներ, միգուցե և ես կարողանայի ձեր հարցերին պատասխանել, բայց եթե պաշտոնական հիմք չի ներկայացնում, ես մեկնաբանելու մտադրություն չունեմ։ Գալստյան ազգանունով ոչ հայրենասեր մարդ ես չեմ ճանաչում», - հայտարարեց Դավիթ Գալստյանը։

«Ասաց, որ ինքը մնում է, և սկսեց ադրբեջանցիների հետ համագործակցել». արցախցի պաշտոնյա

Այն, որ Արցախում տարբեր պաշտոններ զբաղեցրած Սարգիս Գալստյանը մնացել է Արցախում, «Ազատության» հետ զրույցում հաստատեց նաև Արցախի բարձրաստիճան մի պաշտոնյա։ Ցանկանալով անանուն մնալ, պաշտոնյան ասաց․ - «Սարգիս Գալստյանն ասաց, որ ինքը մնում է, և սկսեց ադրբեջանցիների հետ համագործակցել, չեմ կարող ասել բայց՝ իրեն որևէ պաշտոն տվել են, թե՝ չէ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG