Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը տարածաշրջանում թիմ է տեղակայում Լեռնային Ղարաբաղի ճգնաժամին արձագանքելու համար


Հայաստան - ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերը և պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը Սյունիքի մարզում, 26-ը սեպտեմբերի, 2023թ․
Հայաստան - ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերը և պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը Սյունիքի մարզում, 26-ը սեպտեմբերի, 2023թ․

Վաշինգտոնն այսօր հայտարարեց Հարավային Կովկասում աղետների արձագանքման թիմ տեղակայելու մասին՝ կոորդինացնելու ԱՄՆ-ի մարդասիրական արձագանքը Լեռնային Ղարաբաղում ստեղծված ճգնաժամին: Այդ թիմը, համաձայն ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հայտարարության, գնահատելու է իրավիճակը, որոշելու է կարիքների առաջնահերթությունները և աշխատելու է գործընկերների հետ՝ հրատապ անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար։ Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում խոցելի բնակչության անվտանգությամբ, ասված է հայտարարությունում։

Պետդեպարտամնետի խոսնակ Մեթյու Միլլերը նախօրեին կայացած ճեպազրույցում Ղարաբաղի իրավիճակի մասին ներկայացրել է ԱՄՆ-ի մոտեցումները, որոնց մասին Ադրբեջանի նախագահի հետ հեռախոսազրույցում ասել է պետքարտուղար Բլինքենը, նույն շեշտադրումները Բաքվում արել են նաև պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմն ու ԱՄՆ-ի Զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը։

«Առաջին՝ մենք ցանկանում ենք տեսնել հրադադարի պահպանում։ Երկրորդ՝ հումանիտար կարիքների լուծում․ դա նշանակում է բաց պահել Լաչինի միջանցքը, ապահովել մարդասիրական մատակարարումների մուտքը։ Դա նշանակում է միջազգային մոնիթորինգի առաքելություն՝ ապահովելու մարդասիրական կարիքների բավարարումը», - նշել է Միլլերը։

Մեթյու Միլլերն ասել է, թե ողջունում են Ադրբեջանի կառավարության արձագանքը, որ դեմ չեն միջազգային առաքելությանը, և առաջիկա օրերին դաշնակիցների ու գործընկերների հետ կաշխատեն՝ որոշելու, թե ինչ տեսք է ունենալու այդ առաքելությունը։

«Իսկ վերջին հաշվով մենք ցանկանում ենք վերադարձ բանակցությունների սեղանին, որտեղ նրանք վերջապես կարող են հասնել արժանապատիվ և կայուն խաղաղության», - ընդգծել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը։

Մեթյու Միլլերը չի համաձայնել բանակցությունների ձգձգման վերաբերյալ լրագրողի դիտարկմանը, նշելով, որ Վաշինգտոնը հնարավորն արել է բանակցությունների շարունակման համար։

«Մենք ամեն ինչ արել ենք՝ աջակցելու դիվանագիտական բանակցություններին, բայց վերջին հաշվով դա կախված է երկու կողմերից, որոնք տարաձայնություններ ունեն։ Նրանք պետք է համաձայնեն բանակցություններին ու համաձայնեն հանգելու ինչ-որ որոշման։ Մենք կշարունակենք դրան աջակցելու մեր դերակատարությունը», - նշել նա։

Ռուսաստանի դերակատարության մասին Մեթյու Միլլերն ասել է, թե չի կարծում, որ Ռուսաստանը վերջին շաբաթվա ընթացքում արդյունավետ դեր է խաղացել․ - «Կային ժամանակներ, երբ նրանք աջակցում էին բանակցություններին, և մենք դա ողջունել ենք, բայց, իհարկե վերջին շաբաթում նրանց դերակատարությունն այդ իրավիճակում արդյունավետ չէր»։

Միլլերը կարճ արձագանքել է նաև Ռուբեն Վարդանյանի ձերբակալության հարցին՝ ասելով, թե գիտեն նրա ձերբակալության մասին, ուշադիր հետևում են իրավիճակին։

Ռուբեն Վարդանյանի ձերբակալությանն անդրադարձել է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։ Սեպտեմբերի 27-ի ճեպազրույցում պատասխանելով հարցին, թե արդյոք գլխավոր քարտուղարը որևէ մեկնաբանություն ունի Լեռնային Ղարաբաղից դուրս եկող նախկին պաշտոնյաներին Ադրբեջանի կողմից ձերբակալելու դեպքերի վերաբերյալ, Դյուժարիկը, չառանձնացնելով առանձին, անհատական գործեր, ասել է, թե միջազգային հումանիտար իրավունքը և սկզբունքները պահպանելու, քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու հարցերով շփումների մեջ են Ադրբեջանի կառավարության հետ։ «Ադրբեջանի կառավարությունն այդ կապակցությամբ նաև հրապարակային հայտարարություն է արել, և մենք գիտենք, որ Ադրբեջանի կողմից բնակչությանը պաշտպանելու երաշխիքներ են տրվել», - ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակը։

Երբ կոնկրետ Ռուբեն Վարդանյանի մասին ճշտող հարց են տվել, նա ասել է, թե երբ խոսում են պաշտպանության մասին, նկատի ունեն, որ այն վերաբերում է բոլորին։

Մինչ լրագրողների հարցերը Ղարաբաղի իրավիճակի հետ կապված նա ասել է, թե ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական Ալիս Նդերիթուն այսօր հայտարարություն է տարածել՝ վերահաստատելով իր խորը մտահոգությունը Հարավային Կովկասի տարածաշրջանի առկա իրավիճակի հետ կապված։

«Տասնյակ հազարավոր հայեր ընդամենը մի քանի օրվա ընթացքում հեռացել են Հայաստան։ Հեռացող մարդկանց դեմքերին ինքնության պատճառով վախի արտահայտությունն իսկապես շատ տագնապալից է», - նշել նա՝ կոչ անելով գործադրել բոլոր ջանքերը՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղում մնացած հայ բնակչության պաշտպանությունը և իրավունքները, ինչպես նաև նրանց, ովքեր հեռացել են։

«Փոքրամասնությունների պաշտպանությունը և հավասար իրավունքները մարդու իրավունքների միջազգային օրենքի հիմնաքարն է և պետք է պաշտպանվի», - հայտարարել է ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG