Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն առաջարկել է ինքնավարության որոշակի կարգավիճակ սահմանել հանրապետության մաս կազմող միջերկրածովյան Կորսիկա կղզու համար, որտեղ բնակիչներից շատերը դժգոհ են Փարիզի կառավարումից:
«Մենք պետք է քաջություն ունենանք ստեղծելու Կորսիկայի ինքնավարության ինչ-որ կարգավիճակ Ֆրանսիայի կազմում»,- ասել է Ֆրանսիայի նախագահը Կորսիկայի վարչական կենտրոն Այաչո ավանում գործող տեղական օրենսդիր կառույցում:
Էմանյուել Մակրոնի համոզմամբ, Ֆրանսիայում բոլորի համար ձախողում կլինի, եթե Կորսիկայում ամեն բան թողնեն անփոփոխ:
Անցյալ տարի Կորսիկայում տեղի ունեցան համատարած անկարգություններ և բռնություններ այն բանից հետո, երբ բանտում սպանվեց կորսիկացի ազգայնական Իվ Կոլոնան:
Նա ցմահ ազատազրկման էր դատապարտվել 1998 թվականին շրջանի պրեֆեկտ Կլոդ Էրինյակի սպանության համար: Կոլոնան բանտում դանակահարվել է մեկ այլ բանտարկյալի կողմից:
Կորսիկայում կան լուրջ սոցիալական խնդիրներ, որոնք առավել սուր են երիտասարդների շրջանում:
Մակրոնը խոստացել է ներկայացնել օրինագիծ, որն «ամբողջովին կխարսխի Կորսիկան Ֆրանսիայի Հանրապետությունում և կճանաչի միջերկրածովյան կղզու յուրահատկությունը և հարաբերություններն աշխարհի հետ»:
Ֆրանսիայի նախագահն առաջարկել է կղզու քաղաքական գործիչներին վեց ամսում Փարիզի հետ գալ համաձայնության Կորսիկայի կարգավիճակի մասին օրինագծի շուրջ, ինչը կենթադրի նաև Ֆրանսիայի սահմանադրության լրամշակում: