Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 47 հազար 115 անձ է հատել ՀՀ սահմանը․ Բաղդասարյան


Առավոտյան ժամը 8-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 42 հազար 502 անձ է հատել Հայաստանի սահմանը, որից 22 հազար 800 արդեն հաշվառվել են, իսկ կեսօրի դրությամբ սահմանը հատածների թիվը 5 հազարով ավելացավ՝ դառնալով շուրջ 47 հազար 115, այսօր հայտարարեց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

Կոռնիձոր կայանը հատելուց հետո քաղաքացիները հաշվառում են ստանում կա՛մ Գորիսի, կա՛մ Վայքի հատուկ հաշվառման կենտրոններում, որից հետո տեղի է ունենում տեղաբաշխումը։

«Սահմանը հատած 42 հազար 502 անձից միան 4 հազար 2 մարդ է ցանկացել օգտվել պետության այս աջակցությունից, որը կազմում է ընդամենը 10 տոկոսը», - ասաց Բաղդասարյանը՝ նշելով, որ մնացած քաղաքացիները ցանկացել են իրենց բնակության և կեցության հարցերն ինքնուրույն կազմակերպել։

Վարչապետի խոսնակը ներկայացրեց նաև 42 հազար 502 անձանց բաշխվածությունն ըստ մարզերի․ Սյունիքում՝ 1465 անձ, Վայոց Ձորում՝ 810, Գեղարքունիքում՝ 976, Տավուշում՝ 298, Արմավիրում՝ 200, Արագածոտնում՝ 30, Շիրակում՝ 203, Կոտայքում՝ 20։

Ինչ վերաբերում է կոորդինացիոն կենտրոններում չհաշվառված արցախցիներին՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը կոչ արեց նրանց՝ կապ հաստատել միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների հետ կամ հաշվառվել մարզերում և համայնքներում գործող կոորդինացիոն հաշվառման կենտրոններում, որպեսզի պետությունը կարողանա ամբողջական պատկեր ունենալ և արդյունավետ կառավարում իրականացնել։

XS
SM
MD
LG