Փարիզի դատախազությունը պահանջել է հետաքննություն սկսել Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության նախկին նախագահ Մարին Լը Պենի և ևս 26 անձանց նկատմամբ, ովքեր կասկածվում են Եվրամիության ֆինանսական միջոցների յուրացման մեջ։ Այս մասին գրում է Le Monde-ը։
Ֆրանսիայի դատախազությունը պնդում է, որ Լը Պենի գլխավորած կուսակցությունը 2004- 2016 թվականներին յուրացրել է Եվրախորհրդարանի գումարները, որոնք նախատեսված են եղել պատգամավորների օգնականներին աշխատավարձ վճարելու համար։ Ֆրանսիացի իրավապահների տվյալներով` այդ աշխատավարձի դիմաց օգնականները «մասնակի կամ ամբողջությամբ» աշխատել են «Ազգային ճակատ» կուսակցության համար։
Եվրախորհրդարանը յուրացումների ծավալը գնահատում է առնվազն 6,8 մլն եվրո։ Կասկածները հաստատվելու դեպքում Լը Պենին սպառնում է մեկ միլիոն եվրո տուգանք, տասը տարվա ազատազրկում և պետական պաշտոններ զբաղեցնելու բազմամյա արգելք, նշում է Reuters-ը։
Մարին Լը Պենը հերքել է մեղադրանքները` պնդելով, որ դրանք «քաղաքական բնույթ են կրում» և կվիճարկվեն դատարանում:
Աջ պոպուլիստ Մարին Լը Պենը, որը Ֆրանսիայի նախորդ նախագահական ընտրություններում Էմանյուել Մակրոնի գլխավոր մրցակիցն էր նաև երկրորդ փուլում, հայտնի է Պուտինի հետ իր մտերմիկ կապերով։ Թեև նա դատապարտել է Կրեմլի պատերազմն Ուկրաինայում, այդուհանդերձ հանդես է գալիս հակառուսական պատժամիջոցների դեմ՝ հայտարարելով, որ Մոսկվայի դեմ սահմանափակումներից տուժում են նաև ֆրանսիացիները։