Մատչելիության հղումներ

«Ինչո՞ւ Փաշինյանը խաղաքարտ տվեց Բաքվին». Փաշինյանի խոսքերը մեջբերելով՝ Բաքուն հերքեց Միրզոյանին 


Մինչ Հայաստանի արտգործնախարարը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստի մասնակիցներին ներկայացնում էր ադրբեջանական «դաժան» հարձակումից հետո Արցախում ստեղծված սարսափելի իրավիճակը, պնդելով, որ Լեռնային Ղարաբաղից ստացվող տեսարանները իսկապես «ցնցող» են, որ ադրբեջանական զինուժի կողմից կան սպանված ու վիրավոր երեխաներ, անհետ կորած երեխաներ, որոնց մայրերը հուսահատ փնտրտուքների մեջ են, որ հազարավոր անօթևան և սովի մատնված մարդիկ կան, որ ադրբեջանցիները սոցիալական ցանցերում կոչ են անում գտնել անհետ կորածներին բռնաբարելու և մասնատելու նպատակով, վարչապետը Փաշինյանը դրանից մի քանի ժամ առաջ Երևանում այլ պատկեր էր նկարագրում՝ պնդելով՝ «արցախցիների կյանքին ուղիղ սպառնալիք չկա»։

Հայաստանի վարչապետի հենց այդ հայտարարությունն էլ Ադրբեջանի արտգործնախարարը օգտագործեց որպես ապացույց՝ հերքելով Անվտանգության խորհրդում տարբեր պատվիրակների, այդ թվում՝ Հայաստանի պատվիրակության Ադրբեջանի հասեցին հնչեցրած մեղադրանքները։ Փաշինյանի խոսքերը մեջբերելով՝ Բայրամովը Արարատ Միրզոյանի մեղադանքները որակեց հիմնազուրկ։

«Ուզում եմ խորհրդի ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ ընդամենը մի քանի ժամ առաջ Հայաստանի վարչապետը իր հայտարարության մեջ հերքեց բոլոր այս մեղադրանքները՝ հրապարակավ ընդունելով, որ Ղարաբաղում քաղաքացիական անձանց համար չկա ուղղակի սպառնալիք, և որ նրանց նկատմամբ զանգվածային ոճրագործությունների մասին պնդումները կեղծ են։ Սա, հիշեցնեմ, Հայաստանի վարչապետի հայտարարությունն է, որ արվել է 2 ժամ առաջ», - ասաց նա։

Այսօր էլ, ի դեպ, Փաշինյանի խոսքերը մեջբերել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը, ընդգծելով՝ ինչպես Հայաստանի վարչապետն է ասել, քաղաքացիական բնակչությունը չի տուժել։

«Եվրամիության, Ֆրանսիայի և Գերմանիայի չճշտված և անլուրջ հայտարարությունները անհասկանալի են»,- պնդել է Ադրբեջանի նախագահի խորհրդականը։

Որևէ հակասություն Միրզոյանի ելույթի և Փաշինյանի հայտարարության միջև չկա. վարչապետի խոսնակ

Ինչո՞ւ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստից մի քանի ժամ առաջ արեց այնպիսի հայտարարություն, որը խոշոր խաղաքարտ դարձավ Ադրբեջանի ձեռքում, արդյո՞ք հնչող պաշտոնական տեքստերը վարչապետի և արտգործնախարարի միջև չեն համաձայնեցվում։ «Ազատության» այս հարցին ի պատասխան՝ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը փոխանցեց, որ որևէ հակասություն Միրզոյանի ելույթի և Փաշինյանի հայտարարության միջև չեն տեսնում։

«Պարոն Միրզոյանը Անվտանգության խորհրդի նիստում ներկայացրել է ամբողջ իրավիճակը։ Փաշինյանը տվել է տվյալ պահի իրավիճակի գնահատականը՝ հաշվի առնելով նաև քննարկումները Լեռնային Ղարաբաղի գործընկերների հետ։ Վարչապետը մի քանի անգամ շեշտել է, որ ցանկացած հաջորդ պահին իրավիճակը կարող է փոփոխվել»,- «Ազատությանը» պարզաբանեց Նազելի Բաղդասարյանը։

Ի դեպ, վարչապետ Փաշինյանն այսօր կառավարության նիստում վերահաստատեց՝ ուղիղ սպառնալիք քաղաքացիական բնակչության կյանքին այս պահին չկա. - «Իմ գնահատականն այն էր երեկ երեկոյան, և այսօր էլ այդ գնահատականը մի փոքր, շատ քիչ ավելի դրական իմաստով բարելավվել է, որ ուղիղ սպառնալիք քաղաքացիական բնակչության կյանքին այս պահին չկա»։

Դիվանագետների համոզմամբ՝ վարչապետը թուլացրեց Հայաստանի դիրքերը ԱԽ նիստում

Մինչդեռ նախկին դիվանագետները անթույլատրելի են համարում տեղի ունեցածը, երբ Հայաստանի արտաքին գործերի նախարարը մի բան է հայտարարում, իսկ վարչապետը՝ մեկ այլ բան։

Նախկին փոխարտգործնախարար Ավետ Ադոնցը նշում է, որ Հայաստանի իշխանությունը անորակ, չհամակարգված արտաքին քաղաքականություն է իրականացնում, երբ աջ ձեռքը չգիտի, թե ձախը ինչ է անում։

«Վարչապետը մի բան է հայտարարում, արտգործնախարարը այնտեղ լրիվ ուրիշ հայտարարություն է անում, այսպես չի կարելի, ընդհանրապես չի կարելի, առավել ևս այս ճգնաժամային իրավիճակներում։ Այս ի՞նչ անորակ քայլեր են տեղի ունենում», - ասում է նա։

Ըստ Ավետ Ադոնցի՝ Արցախում ստեղծված իրական խայտառակ վիճակի մասին բոլորը գիտեն, այնտեղ այժմ ոչ թե քաոս է, այլ ողբերգություն է տեղի ունենում, Դիվանագետն ասում է, որ այսօր Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս, որ Արցախի ժողովուրդը չի կարող ապրել Ադրբեջանի կազմում, այլընտրանքը էթնիկ զտումն է կամ բռնությունները։

Մեկ այլ նախկին փոխարտգործնախարար, «Ապագա հայկականը» հիմնադրամի տնօրեն Արտակ Ապիտոնյանը դժվարանում է ասել՝ արդյոք Փաշինյանի՝ Անվտանգության խորհրդի նիստից առաջ արված հայտարարությունը, թե արցախցիների կյանքին ուղղակի սպառնալիք չկա, ոչ կոմպետենտության արդյունք է, թե արվել է միտումնավոր. - «Ամեն դեպքում նման բաներ չի կարելի անել, միջազգային նման հարթակում քննարկումներից առաջ փորձել թուլացնել քո դիրքորոշումը և թուլացնել քո պահանջների ամբողջ փաթեթն անթույլատրելի է։ Բայց սա առաջին անգամ չէ, բազմիցս եղել է, մեր դիրքերի միտումնավոր թուլացում է գնացել հենց վարչապետի հայտարարությունների պատճառով»։

Չնայած Ադրբեջանը օգտագործեց Փաշինյանի խոսքերը իբրև հակափաստարկ, սակայն դիվանագետների գնահատմամբ՝ Բաքվի փաստարկները ընդունելի չէին առնվազն ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ճապոնիայի, Եվրամիության, այսինքն՝ Անվտանգության խորհրդի արևմտյան թևի համար հստակ էր, որ Ադրբեջանն Արցախի ժողովրդին կանգնեցրել է էթնիկ զտման շեմին։ Հստակ էր նաև ուղերձը, որ Արցախից տեղահանում չպետք է լինի։

«Արցախի կորուստը հավասար կլինի Անիի կամ Կարսի կորստին». դիվանագետ

Ի վերջո, անօգնական և հումանիտար աղետի մեջ գտնվող մարդկանց պետք է տարհանել, թե՝ ոչ։ Այս հարցի շուրջ վերջին օրերին ակտիվ քննարկումներ են ծավալվել։ Ապիտոնյանի համոզմամբ՝ տարհանումը պետք է դիտարկել որպես պահեստային տարբերակ, երբ այլևս հնարավոր չի լինի արցախցիների անվտագությունն ապահովել։ Այժմ պետք է օգտվել զինադադարից և Բաքվի վրա առավելագույն ճնշում բանեցնելով վերականգնել արցախցիների իրավունքները և հասնել նրան, որ միջազգային տարբեր կազմակերպություններ մուտք գործեն Արցախ։ Հակառակ դեպքում տարհանումը կհեշտացնի Ադրբեջանի խնդիրը և դիվանագետի խոսքով՝ վերջանականորեն կփակի արցախյան հերոսամարտի էջը։

«Սա հավասար կլինի Անիի կամ Կարսի կորստին»,- ասաց Ապիտոնյանը։

XS
SM
MD
LG