Մատչելիության հղումներ

Հարձակումներ գործելով՝ Ադրբեջանը փորձ է անում Հայաստանին ինչ-որ բաներ պարտադրել. ԱԺ նախագահ


Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ վարչական ռեսուրս կիրառելու մասին հայտարարությունները մանիպուլյացիա են և իրականությանը չեն համապատասխանում։

«Չի աշխատել նույնիսկ փող բաժանելը նախկին ժամանակներում», - այսօր Երևանի ավագանու ընտրություններին քվեարկելուց հետո ասաց նա՝ հավելելով, որ այսօր անվտանգային համակարգն այս կամ այն կառույցին անդամակցելը չէ, այլ ժողովրդավարական համակարգը:

Անդրադառնալով դիտորդական առաքելությունների հաղորդումներին՝ ԱԺ նախագահը նշեց. - «Նման դեպքերը խիստ դատապարտելի են, հույս ունեմ, որ իրավապահ մարմինները կարձագանքեն, ոչ միայն հույս ունեմ, այլև կհետևեմ, որովհետև մեզ համար դա սկզբունքային հարց է»։

Ալեն Սիմոնյանը հայտարարեց՝ Երևանի ընտրություններով կուժեղացնեն երկրի անվտանգային իրավիճակը. - «Ամեն անգամ փորձ է կատարվում ոչ միայն զորք կուտակելով, այլև հարձակումներ իրագործելով մեր դիրքերի, սահմանների վրա, մեր տարածք ներխուժելով մեզ ինչ-որ բաներ պարտադրել, և դրա մասին ուղղակի բաց խոսվում է, հարևան երկրի ղեկավարը դրա մասին բարձր խոսում է՝ փաստացի ընդունելով, որ նման անօրինական գործողություններ է իրականացնում, բայց քանի դեռ ՀՀ ժողովուրդը կանգնած է իշխանության մեջքին, մենք պինդ ենք բանակցային գործընթացների մեջ և շարունակելու ենք պինդ մնալ», - ասաց նա։

XS
SM
MD
LG