Մատչելիության հղումներ

Անկարան քննադատել է Եվրախորհրդարանի վերջին զեկույցը՝ Թուրքիայի եվրաինտեգրման գործընթացների վերաբերյալ


Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է Եվրախորհրդարանի վերջին զեկույցը այդ երկրի եվրաինտեգրման գործընթացների հետ կապված իրավիճակի վերաբերյալ և հույս հայտնել, որ Եվրախորհրդարանի կազմի փոփոխությունից հետո նրա դիրքորոշումն ավելի կառուցողական կլինի։ Այս մասին ասվում է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ:

«Եվրամիության զեկույցը, որն ընդունվել է 2023 թվականի սեպտեմբերի 13-ի լիագումար նիստում, անհիմն մեղադրանքների և նախապաշարմունքների հավաքածու է՝ հիմնված հակաթուրքական շրջանակներից տարածվող ապատեղեկատվության վրա։ Դա մակերեսային և անհեռատես մոտեցման արտացոլումն է ոչ միայն Թուրքիայի և ԵՄ հարաբերությունների, այլև միության ապագայի վերաբերյալ», - ասվում է փաստաթղթում։

Արտաքին գործերի նախարարությունը նշում է, որ «Եվրախորհրդարանի անդամները պոպուլիստական կարճաժամկետ քաղաքականության գերիներ են և հեռու են ճշմարիտ ռազմավարական մոտեցում մշակելուց»։

Էգեյան, Արևելյան Միջերկրականի և Կիպրոսի խնդիրների վերաբերյալ զեկույցի դրույթները Թուրքիայի համար «ուժ չունեն, միակողմանի են և կապ չունեն պատմական ու իրավական իրողությունների հետ»։ «Մենք հուսով ենք, որ նոր խորհրդարանը, որը կձևավորվի 2024 թվականին Եվրախորհրդարանի ընտրություններից հետո, կգործի անաչառ, ռացիոնալ և կառուցողական», - հավելել է գերատեսչությունը։

Պաշտոնական անկարան նշել է, որ տեսանելի ապագայում Եվրամիության հետ նպատակ ունի արագ ավարտել վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը, և թարմացնել մաքսային պայմանավորվածությունները։

«Թուրքիան ներուժ ունի ԵՄ-ին գլոբալ խաղացող դարձնելու բոլոր ներկա մարտահրավերներին դիմակայելու համար, հատկապես անվտանգության, էներգետիկայի, կլիմայի փոփոխության, միգրացիայի և տնտեսության ոլորտներում», - ասված է հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG