Մատչելիության հղումներ

Լրագրողն ու բլոգերը Սյունիքում ձերբակալվել են ապօրինի զենքի գործով. փաստաբանի պնդմամբ՝ տեղի ունեցածը «թյուրիմացություն է»


«Սպուտնիկ Արմենիա»-ի լրագրող Աշոտ Գևորգյանը, ռուսամետ բլոգեր Միկա Բադալյանը և ևս 5 անձանց ձերբակալվել են ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով։ Թե ովքե՞ր են մյուս 5 ձերբակալվածները, Քննչական կոմիտեն առայժմ չի մանրամասնում, միայն նշում են, որ Գորիսի Վերիշեն բնակավայրի բնակչի կողմից նախնական համաձայնությամբ է մի խումբ անձանց հետ իրացնելու նպատակով է կատարվել ենթադրյալ հանցանքը։

Ընդ որում՝ քրեական վարույթը հարուցել է Ազգային անվտանգության ծառայությունը դեռ օգոստոսի 24 -ին, իսկ ձերբակալությունները արդեն տեղի են ունեցել սեպտեմբերի 6-ին և 7 -ին։

Ըստ Քննչական կոմիտեի, 7-ից 2-ը ձերբակալվել են հրազեն ու ռազմամթերք ապօրինի կերպով իրացնելու պահին: Մինչև այս պահը կասկածյալներին մեղադրանք չի առաջադրվել։

«Նախաքննության ընթացքում կատարվել են դեպքի վայրի զննություն, հարցաքննություններ, բնակարանների և տրանսպորտային միջոցի խուզարկություններ, որի արդյունքում առգրավվել են «AK» տեսակի ինքնաձիգ, մարտական փամփուշտներ, նռնակներ, նռնակի պայթուցիչներ, ատրճանակներ, սվին դանակներ, տարբեր տեսակի ու ռազմական նշանակության գույք, կանեփ տեսակի բույսի թփեր», - ասված է հաղորդագրությունում։

Թե ո՞րն է եղել այդ զենք-զինամթերքի իրացման նպատակը, Քննչական Կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը հրաժարվեց ասել՝ նշելով, որ զենքի ձեռք բերման աղբյուրները, նպատակները, այս պահին քննության հիմնական առարկաներից են։

«Ազատության» հարցին՝ խոսքը մեծաքանա՞կ զինամթերքի մասին է, Աբրահամյանը պատասխանեց. - «Այո, ընդհանուր առմամբ կարելի է այդպես գնահատել»:

ՔԿ խոսնակը հայտնեց, որ Աշոտ Գևորգյանը և Միկա Բադալյանը հենց Սյունիքի մարզում են ձերբակալվել՝ հավելելով. - «Կոնկրետ վայրը նշել չեմ կարող այս պահին: Բոլոր անձինք Սյունիքի մարզում են [ձերբակալվել]»:

Ձերբակլաված լրագրողի և բլոգերի փաստաբանը պնդում է, թե թյուրիմացություն է եղել

Մինչդեռ ձերբակալվածներից «Սպուտնիկ Արմենիա»-ի լրագրող Աշոտ Գևորգյանի և ռուսամետ բլոգեր Միկա Բադալյանի փաստաբան Լիանա Գրիգորյանը «Ազատությանը» փոխանցեց, որ տեղի ունեցածը թյուրիմացություն է և իր պաշտպանյալները հայտնաբերված զենք-զինամթերքի հետ կապ չունեն։ Թեև, ինչպես Գրիգորյանը նշեց, զենքը հայտնաբերվել է հենց Աշոտ Գևորգյանի մեքենայում։

«Կոնկրետ իրենց մոտից չեն հայտնաբերվել, այլ հայտնաբերվել են մեքենայում, իրենք որևէ առնչություն, իմ կարծիքով, չունեն, դա ընդամենը թյուրիմացություն է։ Կարծում եմ, այս ընթացքում ավելի հստակ պարզ կդառնա իրենց մասնակցությունը սույն քրեական գործի շրջանակներում: Մեքենան պատկանում է Աշոտ Գևորգյանին, իրենց հետ եղել են այլ անձինք, այս պահի դրությամբ իրենց մասով որևէ տեղեկություն չունեմ», - ասաց փաստաբանը:

«Ազատության» հարցին՝ այդ զենքերն իրենց չե՞ն պատկանում, Լիանա Գրիգորյանը պատասխանեց. - «Ոչ, իրենք որևէ առնչություն չունեն նշված քրեական գործի շրջանակների հետ: Էս պահին քննչական գործողություններ են իրականցվում։ Իրենք ասացին, որ որևէ առնչություն չունեն զենքերի հետ»:

Աշոտ Գևորգյանի և Միկա Բադալյանի փաստաբանի փոխանցմամբ, իր պաշտպանյալները սեպտեմբերի 6 -ին Սյունիքի մարզ էին մեկնել աշխատանքի բերումով, նկարահանումների էին նախապատրաստվում, բայց նույն օրն էլ ձերբակալվել են։ Այժմ նրանք գտնվում են Գորիսի ձերբակալվածների պահման վայրում։

Մոսկվայից շարունակում են մտահագություններ հնչեցնել

«Սպուտնիկ Արմենիա»-ի լրագրողի և ռուսամետ բլոգերի ձերաբակալությանը երեկվանից ակտիվորեն արձագանքում են Մոսկվայից։

Ռուսաստանի արտգործնախարարի խոսնակ Մարիա Զախարովան շեշտել է, թե Ռուսաստանի ինֆորմացիոն դաշտը ցնցվել է այդ լուրը ստանալով. - «Ռուս-հայկական մեդիաֆորումի ընթացքում տեղի ունեցած պրովոկացիան ուղղված է կարծես տապալելու երկողմ հարաբերությունների համար կարևոր այս միջոցառումը։ Ակնհայտ է, որ այս պրովոկացիայի հետևում կանգնած են հենց այն ուժերը, որոնք հետաքրքրված չեն մեր երկների և ժողովուրդների մերձեցմամբ»։

Քաղաքական ենթատեքստ չի կարող լինել . Քննչական կոմիտեի խոսնակ

Մինչդեռ Քննչական կոմիետի խոսնակ Գոռ Աբրահամյանը հորդորում է զերծ մնալ նման հայտարարություներից և թույ տալ նախաքննական մարմին կատարել իր աշխատանքը. - «Դեպքը շատ կոնկրետ է, և որևէ քաղաքական ենթատեքստ այստեղ չի կարող լինել։ Շատ օբյեկտիվ քննություն է իրականացվելու, հիմա էլ օբյեկտիվ քննություն է իրականացվում, բոլոր հանգամանքները պարզվելու են և ըստ այդմ էլ յուրաքանչյուրի արարքին տրվելու է համարժեք գնահատական»։

Ավելի վաղ Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունն էր հայտարարություն տարածել՝ նշելով, որ քայլեր են ձեռնարկելու կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

«Անհանգստացած ենք ձերբակալվածների ճակատագրով, կապի մեջ ենք այս լրատվական գործակալության խմբագիրների հետ, ուշադիր հետևում ենք իրավիճակի զարգացմանը», - ասված է հայտարարությունում։

«Սպուտնիկը» պետական լրատվամիջոց է, որը ֆինանսավորում է Ռուսաստանի կառավարության կողմից։

XS
SM
MD
LG