Միացյալ Նահանգների Կոնգրեսի Մարդու իրավունքների հանձնաժողովում Նյու Ջերսիից կոնգրեսական Քրիստոֆեր Սմիթի նախագահությամբ սեպտեմբերի 6-ին լսումներ անցկացվեցին Ղարաբաղի հարցով, ինչպես բացման խոսքում նշեց Սմիթը՝ հասկանալու, թե ինչպես կարող են պաշտպանել Ղարաբաղի բնակիչներին, ինչ կարող է անել ԱՄՆ-ի կառավարությունը:
Լսումներին հրավիրվել էին ու ելույթ ունեցան, հարցերի պատասխանեցին Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն և Կոլումբիայի համալսարանի «Վայրագություններ Արցախում» հետազոտական ծրագրի ղեկավար պրոֆեսոր Դեյվիդ Ֆիլիպսը, ով 2000 թվականի սկզբներին հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի համակարգողն էր։ Լսումներին մասնակցեցին նաև ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը, Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսը։
Լուիս Օկամպոն իր խոսում նշեց, որ հիմա հրատապը Ղարաբաղի հայերի ցեղասպանությունը կանխելն է։
Նա առաջարկեց, որ հանձնաժողովը տեղեկատվություն ուղարկի գործադիր մարմնին, տեղեկացնի, որ Ադրբեջանը ցեղասպանություն է իրականացնում։
Դեյվիդ Ֆիլիպսն ասաց, որ Ադրբեջանը ցեղասպան մտադրություններ ունի, գործողությունների նպատակն է ֆիզիկապես բնաջնջել մարդկանց, վերացնել հայերի մշակութային և կրոնական ներկայությունը Ղարաբաղում ու վերջին հաշվով Հայաստանի Հանրապետությունում։
Ելույթների ընդհանուր եզրահանգումն այն էր, որ Արցախում ցեղասպանություն է իրականացվում, որը պետք է շտապ կանխվի։ Հանձնաժողովը նամակ կուղարկի գործադիր մարմնին։
Առավել մանրամասն տե՛ս այստեղ