Մատչելիության հղումներ

Հայաստանի ղեկավարները ցավակցական ուղերձներ են հղել Ալբերտ Ազարյանի մահվան կապակցությամբ


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական ուղերձներ են հղել լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանի մահվան կապակցությամբ:

«Խոր կսկիծով ընդունեցի հայկական սպորտի ականավոր ներկայացուցիչ, օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի մահվան լուրը: Ազարյանի ներդրումն անգնահատելի է ոչ միայն հայկական, այլ նաև սպորտի համաշխարհային մակարդակում։ Նվաճումներ, որոնք բացառիկ են մարմնամարզության պատմության մեջ, այդ թվում՝ օղակների վրա նրա կատարած վարժությունների համալիրը, որը պաշտոնապես անվանակոչվել է «Ազարյանական խաչ», - մասնավորապես ասված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձում:

«Ալբերտ Ազարյանը հայկական սպորտի փառքն ու հպարտությունը կազմող անհատներից էր, ում նվաճումներն ու մարմնամարզության զարգացման գործում ներդրած ավանդն անգնահատելի է», - վարչապետի աշխատակազմի լրատվականի փոխանցմամբ՝ գրել է Փաշինյանը:

«Հավերժ փառք Ձեզ սիրելի լեգենդ», - իր ուղերձն ամփոփել է պետության ղեկավարը:

«Անուրանալի և անգնահատելի է Ազարյանի վաստակը հայկական մարմնամարզության զարգացման գործում: Նրա մարզական կենսագրությունը ոգևորել է բազմաթիվ սերունդների և ուղենիշ դարձել երիտասարդ մարզիկների համար, ովքեր այսօր էլ, Ալբերտ Ազարյանի օրինակով, շարունակում են նորանոր բարձունքներ ու մեդալներ նվաճել: Ալբերտ Ազարյանի անունն իր ուրույն տեղն ունի հայկական և համաշխարհային սպորտի օլիմպիական երկնակամարում», - նախագահականի փոխանցմամբ՝ մասնավորապես ասված է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձում:

Ալբերտ Ազարյանը վախճանվել է երեկ՝ 94 տարեկանում:

Լեգենդար մարմնամարզիկը հաղթել է 1956 և 1960 թվականների Օլիմպիական խաղերում: Նա արժանացել է նաև աշխարհի (1954, 1958), Եվրոպայի (1955), Ասիական խաղերի (1963) չեմպիոնի կոչման: Ակտիվ սպորտին հրաժեշտ տալուց հետո զբաղվել է մարզչական և մանկավարժական գործունեությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG