Մատչելիության հղումներ

Հուսով եմ, որ իշխանությունները չեն կեղծի ընտրությունները, մոնիտորինգը մեծ է լինելու. Հայկ Մարության


«Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հույս ունի ընտրություններին հավաքել այնքան ձայն, որ հնարավոր լինի կազմել քաղաքային իշխանություն։ «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ նա ապատեղեկատվություն որակեց «ռուսական պրոյեկտ» լինելու, «Ապրելու երկրին» սատարելու և նմանատիպ այլ լուրերը։

Ստորև ներկայացնում ենք հատվածներ ասուլիսից.

«Եթե չխանգարեին, ինչքան բան կարող էինք անել»


Օգտատերերից հետաքրքրվել էին, թե քաղաքապետ ընտրվելու դեպքում շարունակելո՞ւ է չհանդիպել ու չշփվել վարչապետի հետ, ում ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիրը» նրան հեռացրեց քաղաքապետի պաշտոնից։

Հայկ Մարությանն ասաց, որ պնդումը, որ նախկինում չի եղել շփում վարչապետի հետ գործնական մակարդակով, կեղծ է. - «Շփումը միշտ եղել է, և իմ օրոք անգամ 21 թվականին հանդիպումներ եթե պետք է, եղել են. ամբողջ աշխարհում ընդունված պրակտիկա է, որ մայրաքաղաքի իշխանությունը ընդդիմություն է կառավարությանը»։

Ըստ նրա՝ նման մոդելն արդյունավետություն կտա աշխատանքին, մրցակցային դաշտ կստեղծի։

«Այդ երեք տարվա աշխատանքը բավականին պրուդոկտիվ է անցել», - ասաց նա՝ միաժամանակ հավելելով, որ ինչպես նախկինում էլ ասել է, իշխանությունները խանգարում էին իրեն, քաղաքապետարանին տարբեր ծրագրեր իրականացնել։

«Եթե չխանգարեին, ինչքան բան կարող էինք անել, մենք բազմաթիվ հարցերով դիմում էինք կառավարություն, ու կառավարությունը մեզ մերժում էր տալիս տարբեր պատճառաբանություններով», - նշեց նա ու հիշատակեց հետևյալը. - «Հիմա՝ հենց ընտրություններից առաջ, տասը միլիարդ դրամի չափով կառավարությունը օգնություն է ցուցաբերում Երևանի քաղաքապետարանին։ Շատ մոնիտորինգային ընկերություններ ասում են, որ սա կարելի է ընտրակաշառք դիտել, բայց ցավում եմ, որ այս տասը միլիարդն այս պահին քաղաքապետարանը շատ հապճեպ փորձում է իրագործել»։

Նրա խոսքով՝ այդ գումարով կատարվող աշխատանքները անորակ են։

Հայկ Մարությանն՝ իր մասին տարատեսակ լուրերից

Հարցին, թե քանի տոկոս հավաքելու հույս ունի ընտրություններում, քաղաքապետի թեկնածուն պատասխանեց. - «Գուշակություններ չեմ սիրում անել, մենք հույս ունենք, որ ժողովուրդը կտա մեզ այն քվեն, որ կկարողանանք կազմել քաղաքային իշխանություն»։

Ինչ վերաբերում է տարատեսակ լուրերին, ինչպես օրինակ՝ «ռուսական պրոյեկտ» լինել, սատարել «Ապրելու երկրին»՝ կոալիցիա կազմել հետագայում, Հայկ Մարությանն ասաց. - «Իշխանական մեդիան ու հարակից ֆեյք էջերը ապատեղեկատվություն են տարածում, որ ես ռուսական պրոյեկտ եմ, ընդդիմության ֆեյք էջերն ասում են, որ ես ամերիկյան պրոյեկտ եմ։ Ժողովրդի լեզվով ասեմ՝ նիկոլականներն ասում են, որ ես քոչարյանական եմ, քոչարյանականներն ասում են, որ ես նիկոլական եմ։

Ցավում եմ, որ այսպիսի ապատեղեկատվություն է տարածում, մասնավորապես մեր գումարներով այդ մարդիկ նստած են պետական շենքերում և կեղծ տեղեկութուններ են տարածում»։

Մարությանը կոչ արեց գնալ ընտրության

Նա նշեց, որ եթե իր կատարած աշխատանքի մասին պատմող տեսանյութից իրեն ուղղակի հեռացնում են, հնարավոր է նաև, որ իշխանությունները փորձեն նաև կեղծել ընտրությունները։ Դիմեց երևանցիներին. - «Եթե դուք բոլորդ գաք ընտրութան, մասնակցեք, տաք ձեր քվեն այն քաղաքական ուժին, որին ուզում եք անկախ ամեն ինչից, շատ կարևոր է ձեր մասնակցությունը, կեղծիքները կբացառվեն, մենք էլ կփորձենք պահել այդ բոլոր ձայները, այսինքն՝ տեղում լինենք, ընտրատեղամասում լինենք, թույլ չտանք, որ իշխանությունները կեղծեն դա։ Ես հուսով եմ, որ մեր իշխանությունները չեն գնալու դրան, բայց մոնիտորինգը մեծ է լինելու թե մեր կողմից, թե, կարծում եմ, միջազգային կազմակերպությունների կողմից, նաև իրենց էլ հորդորում եմ, որ շատ ուշադիր լինեն»։

Հայկ Մարությանը պնդում է՝ գնացել է հարցաքննության, սակայն անուններ չի տվել


Անդրադառնալով իր քաղաքապետի պաշտոնից հեռանալիս արած հայտարարություններին՝ ասաց, որ իրեն հրավիրել են հարցաքննության,գ գնացել է. - «Ես ասել եմ, որ քանի որ ես մերժել եմ ամեն ինչը, հանցագործություն տեղի չի ունեցել, խոսքը հեղափոխական արժեքների գաղափարներից շեղման մասին է։

Զանգերն այնքան շատ են եղել, որ պետք էլ չէր անուններ տալ, իմաստը չկա, որովհետև հանցագործությունները ես կանխել եմ»։

Նախկին քաղաքապետը նաև ասաց, որ իր տարաձայնություններն իշխանությունների հետ սկսվել են մինչև պատերազմը, և մինչև պատերազմը եղել է կուսակցությունը լքելու որոշումը։ Շեշտեց, որ պատերազմից հետո սպասել է, մինչև ամեն ինչ հանդարտվի, ապա դեկտեմբերի 7-ին տվել է իր դիմումը ՔՊ վարչության նախագահ Սուրեն Պապիկյանին, ինչի մասին միայն իրենք են իմացել։

«Ասացի՝ կհայտարարեք այդ մասին այն ժամանակ, երբ կգտնեք ձեզ համար հարմար, և իրենք գտան հարմար միայն ինձ հանելուց առաջ հայտարարել», - պնդեց նա։

XS
SM
MD
LG