Մատչելիության հղումներ

Հելեն Դադայանի դին Արցախ տեղափոխելու հարցով Սիրանուշ Սահակյանը կդիմի ՄԻԵԴ


Հելեն Դադայան
Հելեն Դադայան

Գյումրի - Երևան ողբերգական վթարի հետևանքով զոհված Հելեն Դադայանի մարմինը Գորիսի դիահերձարանում է արդեն երեք շաբաթից ավելի

Արցախցի ուսանողուհի Հելեն Դադայանի ծննդյան օրն էր երեկ, 21 տարեկան պիտի դառնար։ Նրա մորեղբայրը ծաղկեփունջը մոտեցնում է Գորիսի դիահերձարանի բակում գտնվող սառնարանին։ Հելենի մարմինը 22 օր է այս խցում է։ Ադրբեջանը թույլ չի տալիս, որ Գյումրի- Երևան ողբերգական վթարի հետևանքով զոհված ուսանողուհու մարմինը Արցախ, Ճարտար, ծնողներին հասցնեն։

«Խնդիրը առայժմ մնաց անհաղթահարելի։ Ադրբեջանը իրա պահանջներից այս շարունակվող ողբերգությունը հաղթահարելի համար հետ չի կանգնում, չի թողնում աճյունը տեղափոխենք ծննդավայր», - «Ազատությանն» ասաց Հելենի մորեղբայր Միշա Սաֆարյանը։

Բաքվի պահանջներն են հարցը փակուղում պահում, ասում է Սաֆարյանը։ Պնդում են, թե աղջկա փաստաթղթերում պիտի ադրբեջանական տեղանուններ նշվեն։ Օրինակ, ոչ թե Մարտունու շրջանի Ճարտար համայնք, այլ Խոջավենդի Չարթար, դիակի տեղափոխման վայր ոչ թե Արցախ, այլ Ադրբեջան. - «Փաստաթղթային կեղծումներ ա ուզում, տեղանունների կեղծումներ ա ուզում... Գոյություն չունեցող տեղանունների մասին ա խոսքը, ո՞նց ձևակերպենք դա։ Կարծում եմ, անընդունելի պահանջներ ա դրվում։ Որովհետև հնարավոր չի դա կազմակերպել ըստ էության»։

Միշա Սաֆարյանը հույս ուներ, որ ռուս խաղաղապահների միջոցով հնարավոր կլինի տեղափոխումը կազմակերպել, Արցախից հեռացած նրանց հրամանատար Լենցովն էր խոստացել։ Հիմա Արցախում նոր իշխանություն է և խաղաղապահների նոր հրամանատար, ընտանիքը դարձայլ պիտի դիմի. - «Հայաստանի իշխանություններն էլ ընդհանրապես ո'չ հետաքրքվել են, ո'չ ըստ էության որևէ քայլ չի եղել»։

Այս հարցով ի սկզբանե զբաղվում էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ), բայց քանի որ Հայաստան-Ադրբեջան փաստաթղթային ձևակերպումների հարցում համաձայնության չեն գալիս, կազմակերպությունը Հելենի Ճարտարում ապրող ծնողներին առաջարկել է Հայաստան գալ, այստեղ հուղարկավորել իրենց դստերը։

ԿԽՄԿ արցախյան առաքելության ներկայացուցիչ Էթերի Մուսայելյանն «Ազատությանն ասաց, որ ընտանիքին նման առաջարկ արվել է. - «Մենք սպասում ենք իրանց պատասխանին»։

«Կարմիր խաչը երևի սրբության նման երևույթ ա Ղարաբաղում, բայց այսօր այդ սրբության նման երևույթը նման գործառույթ չի իրականացնում։ Եվ ավելին, զանգում են ու տարբերակ առաջարկում, որը ես իրենց չեմ խնդրել», - ասում է Հելենի մայրը՝ Ալվարդ Սաֆարյանը։

Նա անհասկանալի է համարում կազմակերպության պահվածքը, այս առաջարկը։ Ուզում է անպայման կապ հաստատել Կարմիր խաչի Ժնևի գրասենյակի հետ, պատմել ինչ է եղել, բացատրել, որ իր վիշտը քաղաքական հարցերին խառնել պետք չէ, ուզում է իր երեխան իր մոտ հուղարկավորվի. - «Երբ սիրտդ նեղվում ա, մտնել գերեզմանատուն ու հասկանալ, որ այնտեղ ունես էրեխա, ով սպասում ա քեզ։ Հայաստանում չեմ կարա դա անեմ»։

Մայրը գիտի, որ Բաքուն փաստաթղթային խմբագրումներ է պահանջում. թղթերում ինչ ուզում է գրեն, միայն աղջկան մարմինն իրեն հասնի. - «Ինձ համար միևնույնն է, ինչ ուզում են գրեն... Ոչ մի քաղաքականության հետ իմ խնդիրը կամ չունի, ոչ մի երկրի քաղաքականության հետ, ոչ մեկի հետ»։

Մեկ շաբաթ առաջ Ալվարդ Սաֆարյանը բաց նամակ էր ուղղել Հայաստանի վարչապետին ու արտգործնախարարին՝ գրելով. - «Իմ տան սուգը ճղճիմ քաղաքական հարց մի սարքեք»։ Աշխարհից, բոլորից մի բան է ուզում ՝ տվեք աղջկաս դին։ Այս նամակին Փաշինյանն ու Միրզոյանը չեն արձագանքել։

«Անկախ նրանից ես ինչ ազգի ներկայացուցիչ եմ, ես առաջին հերթին մայր եմ», - ասում է նա։

Հելեն Դադայանի մարմնի տեղափոխման հարցով վաղը Ստրասբուրգի դատարան անհապաղ միջոցի խնդրագիր կուղարկի իրավաբան Սիրանուշ Սահակյանը. - «Պահանջելու ենք, որպեսզի ապահովվի դեպի Արցախի Հանրապետություն դիի տեղափոխումը և հանձնվի ընտանիքին, ովքեր էլ սահմանված ավանդույթներին և ընթացակարգերին համապատասխան դին կհանձնեն հողին»։

Սիրանուշ Սահակյան
Սիրանուշ Սահակյան

Սահակյանը շեշտում է, որ Եվրոպական դատարանում կան նախադեպեր, երբ բավարարվել է դիակի հանձնման դիմումը։ Այժմ Ադրբեջանը հարցը քաղաքականացրել է. - «Պահանջում են այնպիսի փաստաթղթերի տրամադրում, որտեղ կլուծի քաղաքական խնդիրներ, այդ թվում դիի տեղափոխում Ադրբեջանի Հանրապետություն»։

Ընդ որում, այդ պահանջների հասցեատերը ոչ թե Հելենի ծնողներն են, այլ Հայաստան պետությունը։ «Անընդունելի է», - շեշտում է իրավապաշտպանը. - «Երկու պետություններ հարցեր են պարզում, 21-ամյա աղջկա մարմինը մահից 3 շաբաթ անց դեռ սառնարանում է»։

XS
SM
MD
LG