Մատչելիության հղումներ

Հանրահավաք Ազատության հրապարակում՝ իշխանափոխության պահանջով


Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, որն այսօր Ազատության հրապարակում մասնակցում է Դաշնակցության նախաձեռնած հանրահավաքին, մինչ դրա մեկնարկը պատասխանեց լրագրողների հարցերին:

«Ազատությունը» նախկին նախագահից հետաքրքրվեց, թե ի՞նչն է լավատեսության հիմք տվել նրան պնդելու, որ նախագահ ընտրվելու դեպքում Սամվել Շահրամանյանն Արցախի համար կենսական հարցերում առավել հստակ ու նպատակադրված քաղաքականություն կվարի։ Սարգսյանը պատասխանեց՝ ասածի հիմքը պաշտոնյայի անցած ճանապարհն է, ինքն անձամբ նրան գիտի:

Շահրամանյանն այս պահին Արցախի պետնախարարն է: Ավելի վաղ էլ Անվտանգության խորհրդի քարտուղարն էր:

«Այո, անձամբ ճանաչում եմ, քանի որ ինքը շատ երիտասարդ է, մոտ հարաբերություններ չեն եղել, բայց իմ ասածի հիմքը նրա անցած ճանապարհն է, ես կարծում եմ, ինքը լավ ճանապարհ է անցել, համեստ, երիտասարդ, հավասարակշռված ղեկավար է», - հայտարարեց երրորդ նախագահը:

Արցախի անկախության հռչակագրին նվիրված ուղերձում Սարգսյանը կրկին իշխանափոխության անհրաժեշտությունից էր խոսել՝ Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակից ելք համարելով դա: Հարցրին՝ ինչպե՞ս է դա պատկերացնում, եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս պնդել է՝ ժողովուրդն է ընտրել, չի պատրաստվում հրաժարական ներկայացնել, Սերժ Սարգսյանն արձագանքեց՝ հարցը հռետորական է:

«Ես կարծում եմ՝ հռետորական հարցեր եք տալիս: Ինքը չի ուզում, մենք ուզում ենք, տեսնենք ում ցանկությունը կիրականանա», - ընդգծեց նա:

Սարգսյանը Արցախի հարցում բեկում մտցնելու հնարավորություններ է տեսնում, բայց այսօր չմանրամասնեց՝ կոնկրետ ինչպես է այս իրավիճակում պատկերացնում դա. - «Այո, հնարավորություններ կան, Արցախը միշտ էլ գործոն է եղել, և կախված այնտեղ տիրող տրամադրություններից, ղեկավարների մոտեցումներից այդ գործոնը կա՛մ շատ մեծացել է, կա՛մ շատ փոքրացել է: Կարծում եմ՝ հիմա իրավիճակն այնպիսին է, որ, այո, Արցախի գործոնն էական հանգամանք է հանդիսանում»:

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր Իշխան Սաղաթելյանն էլ լրագրողներին այսօր հայտնեց, որ իրենց նախաձեռնած հանրահավաքում իշխանափոխության պահանջն է լինելու:

«Նիկոլը չի արտահայտում հայ ժողովրդի հավաքական կամքը, իր գլխավոր հենարանը ոչ թե ժողովուրդն է, այլ ուժային կառույցները ու չի ներկայացնում մեր ժողովրդին ու եթե կարողանայինք շարունակել մեր մեր թիվը ու ճնշում ավելացնել, Նիկոլի չլինելը կֆիքսվեր նաև դե յուրե», - ասաց Իշխան Սաղաթելյանը:

Սաղաթելյանն այսօր հանրահավաքի ընթացքում նաև անդրադարձավ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը՝ ընդգծելով՝ հայ ժողովուրդն այլևս զիջելու տեղ չունեի:

Հանրահավաքին մասնակցում էր նաև ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը: Նա հայտարարեց՝ եթե ընդդիմության դիմադրությունը չլիներ, ՀՀ իշխանությունները վաղուց փաստաթղթով Արցախը հանձնել էին Ադրբեջանին:

«Ամենակարևոր կետերից մեկը նաև այն է, որ եթե մենք չլինեինք հետևողական, եթե մեր ժողովրդի հետ չխոսեինք, չբարձրաձայնեինք, դուրս չգայինք պայքարի, այսօր Արցախը ստորագրությամբ, պաշտոնապես, իրավաբանորեն ձևակերպված հանձնված կլիներ թշնամուն: Այսօր Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ճանաչում է տարածքային ամբողջականությունը Ադրբեջանի, բայց դեռևս իրավաբանորեն այդ ամենը չի ձևակերպել», - նշեց Վանեցյանը:

Ակցիային մասնակցելու է նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, այդ մասին նրա գրասենյակից էին հայտնել:

XS
SM
MD
LG