Մատչելիության հղումներ

Բաքուն իսկույն արձագանքել է Փաշինյանի այսօրվա հայտարարություններին


Ադրբեջանի ԱԳՆ շենքը Բաքվում, արխիվ
Ադրբեջանի ԱԳՆ շենքը Բաքվում, արխիվ

«Կառավարության օգոստոսի 31-ի նիստում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ Ադրբեջանին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջ, առանց որևէ հիմնավորման», - Փաշինյանի հայտարարությունից ժամեր անց արձագանքել է Ադրբեջանի արտգործնախարարությունը։

Բաքուն նշում է, որ եթե հայկական կողմին իսկապես օգնություն է անհրաժեշտ, ապա նրանք չէին փակի խաղաղապահների ճանապարհը և չէին խոչընդոտի ապրանքների տեղափոխումը։ Ծանր հումանիտար ճգնաժամի մասին հայտարարություններն Ադրբեջանի արտգործնախարարությունը «քաղաքական շահարկում» է համարել։

Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքը Ղարաբաղի հայերի հեռանալու համար միակողմի բացելու պնդումներին՝ Բաքվից հերթական անգամ վստահեցնում են, թե «Լաչին» անցակետում պայմաններ են ստեղծվել երկկողմանի երթևեկության համար, «ուստի էթնիկ զտումների քաղաքականություն իրականացնելու մեղադրանքներն աբսուրդ են»։

«Հայաստանի վարչապետը խոսքերով պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Եթե դա այդպես է, ապա նա պետք է աջակցի Ղարաբաղի հայերի վերաինտեգրման քաղաքականությանը և ձեռնապահ մնա Ադրբեջանի ամբողջականությունն ու ինքնիշխանությունը խախտելուց»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ը։

XS
SM
MD
LG