Մատչելիության հղումներ

Եվս երկու հոգի չեն հատել Լաչինի անցակետը, նրանց հետ կապ հաստատել չի հաջողվում. Արցախի ՄԻՊ


Եվս երկու հոգի՝ Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանը չեն հատել Լաչինի միջանցքում տեղակայված ադրբեջանական անցակետը, սակայն չի հաջողվում նրանց հետ կապ հաստատել, հայտնում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը։

ՄԻՊ-ի փոխանցմամբ՝ այսօր ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ իրականացվել է Արցախից Հայաստան քաղաքացիական անձանց հերթական տեղափոխումը։ Նախնական տեղեկություններով՝ խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ իրականացվել է 170 անձանց տեղափոխություն։

Ըստ հաղորդագրության, ժամը 13:00-ի սահմաններում դեպի Հայաստան տեղափոխվող անձինք հասել են Լաչինի միջանցքում՝ Հակարի կամրջի մոտ, տեղակայված ադրբեջանական անօրինական անցակետ։ ՄԻՊ աշխատակազմի կողմից ձեռք բերված տեղեկատվության համաձայն՝ 2001 թվականի ծնված Ալեն Նելսոնի Սարգսյանն ադրբեջանական սահմանապահ և այլ ծառայությունների ներկայացուցիչների կողմից ուժի և հարկադրանքի կիրառմամբ առևանգվել և տարվել է անհայտ ուղղությամբ։

Բացի դրանից, Արցախի օմբուդսմենը հայտնում է, որ ևս հինգ հոգու ադրբեջանցիները տարել են անցակետի մոտ տեղադրված հատուկ սենյակ՝ հարցաքննելու։ Հարցաքննության ընթացքում տվել են տարաբնույթ հարցեր՝ սպորտով զբաղվածությունը, ՀՀ գնալու նպատակը, Հայաստանում և Արցախում տնտեսական իրավիճակը և այլն։

Ձեռք բերված տեղեկությունների համաձայն՝ նախօրոք համաձայնեցված ցուցակներում առկա անձանցից ևս երկու հոգի՝ Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանը չեն հատել անօրինական անցակետը, սակայն չի հաջողվում նրանց հետ կապ հաստատել։

Երեք քաղաքացիներն էլ Հայաստանի ուսումնական հաստատությունների ուսանողներ են։

«Բազմիցս նշել ենք, որ Հակարի կամրջի մոտ տեղակայված անօրինական անցակետը ուղիղ և անհերքելի սպառնալիք է Արցախի քաղաքացիական բնակչության ֆիզիկական գոյության և հիմնարար իրավունքների պաշտպանության համար։ Վագիֆ Խաչատրյանի, Ալեն Սարգսյանի առևանգումն անառարկելիորեն ապացուցում են, որ այսպես կոչված անցակետը վեր է ածվել ադրբեջանական հանցավոր կամայականությունները սպասարկելու գործիքի, որով ադրբեջանցիների կողմից կամայական կերպով առևանգվում և ազատությունից զրկվում են քաղաքացիական անձինք։ Շրջափակման մեջ է պահվում 120 000 բնակչություն՝ զրկված հումանիտար հասանելիությունից և մարդու տարրական իրավունքների պաշտպանության հնարավորությունից», - ասված է հաղորդագրությունում։

Թե՛ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և թե՛ ռուս խաղաղապահների միջազգային իրավական ու քաղաքական երաշխիքները, ըստ Արցախի ՄԻՊ-ի, «փաստացի բավարար չեն Արցախի բնակչության իրավունքների պաշտպանության, այդ թվում՝ ազատ ու անվտանգ տեղաշարժն ապահովելու համար»:

Մարդու իրավունքների պաշտպանը այդ երկու դերակատարներից պահանջում է բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել ապահովելու Արցախի բնակչության հումանիտար տեղաշարժի անվտանգությունը և առևանգված անձանց անհապաղ վերադարձը՝ հավելելով՝ «առանց նման երաշխիքների առկայության, պետք է դադարեցնել քաղաքացիական անձանց փոխադրումները»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG