Մատչելիության հղումներ

Տեսանյութում անչափահաս աղջկան դաժան բռնության ենթարկող մայրը հայտնաբերվել է


Համացանցում տարածված տեսանյութում պատկերված՝ անչափահաս աղջկան դաժան բռնության ենթարկող կինը հայտնաբերված է, հաղորդում է Հայաստանի ներքին գործերի փոխնախարարը:

Արփի Սարգսյանը առավոտյան ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ ՆԳՆ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, Գավառի և Կենտրոնական բաժինների ոստիկանների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հայտնաբերված կինը, որի ինքնությունը չի հրապարակվում, տվյալ պահին ՆԳՆ Ոստիկանությունում է:

«Պաշտոնական խողովակներով կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն: Միաժամանակ, հորդորում եմ չտարածել տեսանյութը՝ հաշվի առնելով երեխայի լավագույն շահը», - գրում է ՆԳ փոխնախարարը:

Ավելի ուշ ոստիկանությունը տարածած հաղորդագրությամբ հայտնեց, որ, նախնական տվյալներով, պարզվել է, որ տեսանյութը, որտեղ մի կին բռնության է ենթարկում անչափահաս աղջկա, տեսանկարահանվել է Գավառում, տեսանյութում պատկերված կինն էլ՝ Գավառի 34-ամյա բնակչուհին, հայտնաբերվել է:

«Կնոջ բոլոր հինգ երեխաները ոստիկանությունում եղել են ոստիկանության ՀԱԱԳՎ անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության մասնագիտացված ծառայողների հոգածության ներքո», - ասված է հաղորդագրությունում:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG