Մատչելիության հղումներ

Այս տարի ՀՀ-ում ճանապարհային պատահարներից 217 մարդ է զոհվել. հայտնի չէ՝ ով է պատասխանտու իրավիճակը բարելավելու համար


Շիրակի մարզում 11 մարդու կյանք խլած ողբերգական վթարից հետո 6 վիրավորներիից 1-ի վիճակն այսօր գնահատվում է ծայրահեղ ծանր, 3-ի վիճակը՝ ծանր։ Վթարի պատճառների մասին մանրամասներ Քննչական կոմիտեն այժմ հրաժարվում է հայտնել, կխոսեն միայն փորձաքննությունների ավարտից հետո, մինչ այդ հայտնի է, որ երկու ավտոմեքենաները ունեցել են տեխզննման, իսկ վարորդները՝ վարորդական փաստաթղթեր:

Միկրոավտոբուսը իրականացրել է «Համշեն տուր» ընկերության փոխադրումը, զբոսաշրջիկները Երևան վերադառնալու ճանապարհին էին, մահացել են վարորդը, զբոսավարը և ուղևորներից 9-ը։

«Համշեն տուրից» ասում են՝ խոսել չեն ցանկանում, իսկ հայտարարության մեջ նշել են, որ զոհերի հարազատներին մխիթարելու բառեր չեն գտնում. «Այս խորը ու անդառնալի ցավն ամբողջությամբ կիսում ենք բոլորիդ հետ։ Չարաբաստիկ վթարի ժամանակ կորցրել ենք նաև «Համշեն տուրի» գիդերից մեր պայծառ ու շատ սիրված Մուշեղին և տարիներով մեզ հետ ճանապարհ կիսած, շատ սիրելի վարորդ Մառլենին»։

Տարվա սկզբից մինչ օրս Հայաստանում ճանապարհային պատահարներից 217 մարդ է զոհվել։ Իսկ վերջին 10 տարիների ընթացքում տարեկան զոհերի թիվը հիմնականում գերազանցել է 300-ը, ինչը Հայաստանը դարձնում է երթևեկության առումով Եվրամիության ու հարևանության շրջանի ամենավտանգավոր երկրներից մեկը։

Հայաստանում այժմ չկա ճանապարհային անվտանգության գործող ռազմավարություն, և հայտնի չէ՝ ով է անվտանգության գլխավոր պատասխանատուն։

«Ռազմավարության ընդհանրապես մոդել չկա»

«Այս տարվա հունվար ամսից պետք է Ներքին գործերի նախարարության վրա լիներ, բայց Ներքին գործերի նախարարությունը դեռևս ավելի վիրտուալ նախարարություն է, այսինքն՝ ՆԳՆ-ն, օրինակ, ռազմավարական պլանավորման վարչություն առ այսօր չունի ընդհանրապես, ինչ-որ պահի պետք է ունենա, և այս պահին Ներքին գործերի նախարարությունը քաղաքականության մշակման կարողություններ չունի և ուղղակի իներցիայով ինչ- որ բան անում է», - ասում է «Իրազեկ քաղաքացիների միավորման» համակարգող Դանիել Իոաննիսյանը։

«Ազատությանը» Ներքին գործերի նախարարությանը հարցեր է ուղղել ճանապարհային անվտանգության թեմայով՝ հետաքրքրվելով նաև, թե ինչ քաղաքականություն են վարում պատահարների ու դրանց զոհերի թիվը նվազեցնելու համար, հարցերի պատասխանները դեռ չի ստացվել, սակայն պարզ է, որ մշակված հստակ քաղաքականություն չկա։ Ներքին գործերի նախարարությանը հարցումներ է անում նաև «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպությունը։

«Նախարարին հարցում ենք ուղարկում, օրինակ, ամրակապվելու հետ կապված նախարարության տեսլականի հետ կապված, ի՞նչ են մտադիր անել և արդյոք մտադիր են անել, որ Հայաստանում մարդիկ սկսեն մի քիչ ավելի շատ ամրակապվել, ու Պարեկային ծառայության պետից պատասխանը գալիս է, որ դե չամրակապվելը վարչական իրավախախտում է, մենք էլ որ տեսնում ենք, արձագանքում ենք։ Այս մակարդակի։ Ասենք՝ քաղաքականության, ինչ-որ ռազմավարության ընդհանրապես մոդել չկա, ցավոք սրտի», - ասում է Իոաննիսյանը։

Անվտանգության ցանկացած գործողություն պարտադիր է. մասնագետ

Ճանապարհային անվտանգության միջոցներից մեկը ամրագոտիներն են, դրանք, Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, ամենամեծ թվով կյանքներ փրկած միջոցներից են, և այն երկրներում, որտեղ խիստ կիրառվում են, վթարներից զոհերի թիվը նվազել է մոտ 50 տոկոսով, իսկ երեխաների դեպքում՝ մոտ 70 տոկոսով։ Հայաստանում անգամ չեն վարում վիճակագրություն, թե տարեկան զոհերից քանիսն են եղել ոչ ամրակապված, համենայն դեպս վիճակագրական ծառայության ճանապարհային պատահարների բազայի 18 տողերից որևէ մեկը ամրագոտիների մասին չէ։

Ճանապարհների լուսավորություն, ճիշտ կահավորում, ամրագոտիներ. երթևեկության անվտանգության մասնագետ Արտաշես Ստեփանյանի խոսքով՝ անվտանգության ցանկացած գործողություն պարտադիր է, պետությունը պետք է որոշի՝ որն է ի վիճակի իրականացնել, որը ոչ, օրինակ՝ եթե մայրուղիների լուսավորությունը թանկ հաճույք է, լույս անդրադարձնող ժապավեններն ավելի մատչելի են, ժամանակին ու ճիշտ գծանշումները պարտադիր են։

«Ամրագոտին պարտադիր է, բայց նաև այն կապելու հետ մեկտեղ պետք է մարդկանց հովոլակների միջոցով սովորեցնել՝ ինչպես է պետք ճիշտ կապել ամրագոտին», - ասաց նա՝ շարունակելով. - «Վերջին ժամանակներում բավականին մեծ խնդիր է գիշերային ժամերին փչացած կամ լքված մեքենան ճանապարհի մայթեզրին թողած՝ առանց որևէ լուսարձակող նշանի, երբ որ մեքենա է կանգնած, և գիշերը ինչ-որ մեքենա վթարի է ենթարկվում, և կանգնած մեքենան, հիմնականում դրանք բեռնատարներ են լինում, իսկ բեռնատարի հետ ընթացող մեքենան հարվածի դեպքում մեծամասամբ ողբերգական ավարտ է ունենում»։

«Ղեկավարության կողմից խիստ հանձնարարականներ են տվել՝ վեր հանելու պատճառները»

Այսպիսի սցենարով զոհեր եղել են նաև այս տարի, երբ մեքենան գիշերային ժամին հարվածել է ճանապարհին կայանած ու ոչ տեսանելի բեռնատարի հետնամասին. - «Մեքենան ունի պետհամարանիշ, պետհամարանիշը ՃՈ բազայում հեռախոսահամարով գրանցված է, կարելի է գտնել։ Այո, դա կարելի է անել, բայց այդտեղ հիմնական խնդիրը ես տեսնում եմ վարորդի անտարբեր վերաբերմունքը երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ, և բեռնատարները, գիտենք բոլորս էլ, մանավանդ հին սովետականները, երբեք չեն փայլել իրենց շքեղ գույներով կամ լույս անդրադարձնող հնարավորությունով։ Բոլորը գրեթե իրենց թափքի մասը զինվորական կանաչ են լինում, որը ոչ մի ձև չի երևում»։

Այս տարի ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թիվն արդեն ավելին է, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում։ Ոստիկանությունը առայժմ չի հայտնել, թե այս տարվա զոհերից քանիսն են եղել հետիոտն, բայց նախորդ տարիների տվյալներից հայտնի է, որ նրանց մոտ 1/3-ը հետիոտն է լինում, օրինակ՝ Երևանի Տիգրան մեծ պողոտայի վրա տարվա սկզբից արդեն 2 հոգի մահացել է վրաերթի հետևանքով։ «Ազատությունը» նկարահանման պահին նկատեց բազմաթիվ մարդկանց, որոնք չէին օգտվում վերգետնյա անցումից։

Պարեկային ծառայությունն ասում է՝ երբ ոստիկան տարածքում չկա, սխալ տեղից հատելու պատմությունը կրկնվում է։

«Կոնկրետ ամեն հրահանգավորումների ժամանակ տրվում են կոնկրետ առաջադրանքներ ու հանձնարարականներ պարեկային ծառայողներին, որպեսզի առավել ուշադրություն դարձնեն, ինչպես նաև իրազեկման աշխատանքեր են կատարվում քաղաքացիների շրջանում, և խորհուրդ ենք տալիս, հորդորում ենք, որպեսզի անցնեն փողոցները, մայթերը, խաչմերուկները միայն սահմանված վայրերում, որը շատ կնվազեցնի մեր զոհերի թիվը», - նշում է Պարեկային ծառայության մոնիթորինգի բաժնի պետ Արման Սայադյանը։

Նա հավաստիացնում է՝ ամեն ինչ անում են պատահարներից զոհերի թիվը կրճատելու համար. - «Ղեկավարության կողմից խիստ հանձնարարականներ են տվել՝ վեր հանելու պատճառները, մշակելու քաղաքականություն, առաջարկներ, որպեսզի ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը կանխվի և նվազեցվի։ Դրա համար մենք կոնկրետ զբաղվում ենք պատճառների վեր հանմամբ, ներկայացնում ենք առաջարկներ, որպեսզի նվազի»։

Մասնագետները, սակայն, նկատում են, որ առանց հստակ ռազմավարության ու մարդկային զոհեր առաջացրած վթարների պատճառների վերհանման ոստիկանության ջանքերը մեծ արդյունքներ կարող է չտան։

XS
SM
MD
LG