Մատչելիության հղումներ

Հայաստանը դիմել է ՄԱԿ ԱԽ՝ ԼՂ հարցով արտահերթ նիստ գումարելու պահանջով


Հայաստանը երեկ դիմել է Միավորված ազգերի կազմակերպոության Անվտանգության խորհուրդ՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը հարկադրված լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ արտահերթ նիստ գումարելու պահանջով, հաղորդում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Ներկայացնելով Արցախում տիրող իրավիճակն ու շեշտելով, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն այսօր կանգնած է հումանիտար լիակատար աղետի եզրին՝ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ՄԱԿ ԱԽ նախագահին ուղղված նամակում նշել է, որ ներկա պայմաններում Հայաստանի կառավարությունը հայցում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի միջամտությունը՝ որպես գլոբալ անվտանգության ապահովման և զանգվածային ոճրագործությունների, ներառյալ՝ պատերազմական հանցագործությունների, էթնիկ զտումների, մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանությունների կանխարգելման առաջնային մարմնի։

Մարգարյանն ընդգծել է՝ 2023-ի հունիսի 15-ից առաջին անհրաժեշտության ապրանքների, այդ թվում՝ սննդամթերքի, դեղորայքի և վառելիքի ծայրահեղ պակասը սրվել է, երբ Ադրբեջանը լիովին փակեց Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ արգելելով որևէ, նույնիսկ մարդասիրական մուտքը Լեռնային Ղարաբաղ, իսկ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղ բնական գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման կանխամտածված շարունակական խափանումները ծայրահեղ վնաս են պատճառել ժողովրդի կենսագործունեությանը։

Առաջնային անհրաժեշտության սննդամթերքի և վիտամինների բացակայության պատճառով մոտ 2000 հղի կին, մոտ 30 000 երեխա, 20 000 տարեց և 9000 հաշմանդամություն ունեցող անձ պայքարում է թերսնման պայմաններում գոյատևելու համար, նշել է պաշտոնական Երևանը՝ շեշտելով՝ այս իրավիճակի արդյունքում արձանագրվել է մի շարք հիվանդությունների, այդ թվում՝ սրտանոթային հիվանդությունների և չարորակ նորագոյացությունների հետևանքով մահացությունների աճ։

«Բնակչության համար կյանքի հետ անհամատեղելի պայմանների կանխամտածված ստեղծումը ոչ այլ ինչ է, քան զանգվածային ոճրագործություն՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի բնիկ ժողովրդի դեմ, և ստիպելու նրանց լքել իրենց տներն ու հայրենիքը: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ նման կոլեկտիվ պատժի կիրառումը գոյաբանական վտանգ է ներկայացնում վերջիններիս համար, եթե նրանք միայնակ մնան ադրբեջանական ագրեսիվ քաղաքականության դեմ», - մասնավորապես, գրված է ՄԱԿ ԱԽ նախագահին ուղղված նամակում։

ՄԱԿ ԱԽ-ին դիմելու մասին Ֆեյսբուքում գրել է նաև հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

«ՄԱԿ անվտանգության խորհրդի նախագահից պահանջվել է անցկացնել ՄԱԿ ԱԽ արտակարգ նիստ՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ», - մասնավորապես, գրել է Մարուքյանը։

Արդեն երկու ամիս ամբողջովին պաշարված Արցախի նախագահը օրերս հրատապ ուղերձով միջազգային հանրությունից խնդրեց ու պահանջեց՝ անհապաղ կասեցնել Արցախի ժողովրդի ցեղասպանությունը։ Հարությունյանն առաջինը դիմեց Հայաստանին՝ ակնկալելով, որ Երևանը Արցախում ստեղծված իրավիճակը անհապաղ կդարձնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկման հարց, կհասնի Ադրբեջանի դեմ միջազգային պատժամիջոցների, դրան գումարած Հայաստանից չեն հնչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը կասկածի տակ դնող հայտարարություններ։

Հրատապ ուղերձին Մարուքյանն էր արձագանքել՝ նշելով, որ Հայաստանը Արցախի փակ միջանցքի հարցը կբարձրացնի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, սակայն թե երբ հստակ չէ։

«Որևէ մեկը չի կարող ասել՝ երբ, որ օրը, բայց Հայաստանի Հանրապետությունը հարցը կբարձրացնի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում: Ինչո՞ւ եմ ասում աշխատանքներ են ընթանում, որովհետև առանց նախապատրաստական աշխատանքի գոնե այն ծավալով, որ հույս ունենանք, որ կարող ենք ակնկալել արդյունք մեզ համար, կարծում եմ, ակնհայտ է, որ չի կարելի այդ մի կրակոցն ուղղակի холостой կրակել», - «Սիվիլնեթ»-ին տված հարցազրույցում ասել էր Մարուքյանը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG