Մատչելիության հղումներ

Դատախազը մերժել է Սերգեյ Սմբատյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունները


Դատախազը մերժել է Սերգեյ Սմբատյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունները, հայտնում է Գլխավոր դատախազությունը։

«Դատախազը, քննարկելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, քրեական վարույթով մեղադրյալ Սերգեյ Արմենի Սմբատյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ՝ տարբեր ոլորտներում ավանդ ունեցող անձանց նույնաբովանդակ միջնորդությունները, որով վերոնշյալ անձինք խնդրել են մեղադրյալ Սերգեյ Սմբատյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխել, միջնորդությունները մերժելու մասին որոշում է կայացրել», - ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Դատախազը գտել է, որ թե՛ ներկայացված միջնորդություններում, և թե՛ նախաքննության ներկա փուլում ձեռք բերված փաստական հանգամանքների համակցությամբ չի հաստատվել, որ Սերգեյ Սմբատյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի կիրառման ընթացքում փոխվել կամ վերացել են խափանման միջոցի իրավաչափության պայմանները:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, գործարար Արման Պետրոսյանը մեղադրվում են առանձնապես խոշոր չափերի խարդախության, իսկ Սերգեյ Սմբատյանի հայրը՝ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը՝ այն կազմակերպելու մեջ: Ըստ դատախազության՝ հաստատվել է, որ խմբի կազմակերպիչը՝ Արմեն Սմբատյանը, քրեական վարույթի մասին տեղեկություններ ստանալուց հետո խմբի անդամների հետ կազմակերպել է մի քանի հանդիպում և վերջիններիս զգուշացրել, որ նախաքննական մարմիններում նրանք տան իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ: Քրեական վարույթի ընթացքին խոչընդոտելու վերոնշայլ դեպքը հիմք է հանդիսացել եզրահանգելու, որ մեղադրյալների համար քրեական դատավարության օրենսգրքով սահմանված պարտականությունների պատշաճ կատարումը դժվար կլինի ապահովել այլընտրանքային խափանման միջոցների ընտրությամբ:

«Դրանով պայմանավորված՝ նախաքննական մարմինը հայր և որդի Սմբատյանների և գործարար Արման Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանքը», - պարզաբանում է իրավապահ գերատեսչությունը։

XS
SM
MD
LG