Մատչելիության հղումներ

Ձերբակալվեց նախկին զինվորականը, որ նախապես հայտարարել էր, թե բենզին է բերում ինքնահրկիզվելու


Անցած կեսգիշերին Վանաձորում ձերբակալվեց գյումրեցի Արմեն Աջամյանը, որ նախապես հայտարարել էր, թե բենզին է բերում իր հետ ինքնահրկիզվելու։ Եկել էր Զինվորական քննչական վարչության Վանաձորի բաժին, որտեղ ավելի քան երկու տարի մեղադրյալ է՝ զորամասն ինքնակամ լքելու հոդվածով։

«Ազատության» ժամանումից մի քանի րոպե առաջ երիտասարդը բենզին էր լցրել քննչական բաժնի դարպասների առաջ։ Պատմեց, թե սա արել է՝ իբրև բողոքի ծայրահեղ միջոց։ Ավելի քան երկու տարի երկրից բացակայելու արգելքի տակ է։ Պարբերաբար Գյումրիից կանչում են Վանաձոր հարցաքննության։

«Երեք տարի ես գալիս-գնում եմ, արդեն իրենցից շատ եմ գնում, իրենք դաժե կատակով ասում են՝ քեզ ռոճիկ պիտի տանք, էնքան եմ եկել-գնացել, հազար տարվա քննիչ ես, խի՞ չես կարում ապացուցես, ապացուցի, տար, դատի։ Չես կարում ապացուցես, բաց թող», - ասաց նա։

Երեկ երեկոյան կես ժամ Արմեն Աջամյանը Զինվորական քննչական բաժնի դիմաց զրուցեց «Ազատության» հետ, զանգեց նախաքննությունը վարող քննիչին, հետո փորձեց զինվորական դատախազությունում հարցերի պատասխանները գտնել, բայց անարդյունք։ Որոշեց մտնել քննչական, թե հանկարծ չասեն՝ քննությունից խուսափում է։

«Երբեք, ոչ մի կանչ չեմ անտեսել», - ասաց ծանր հանցանքի մեջ մեղադրվող երիտասարդը. - «Ժամը 6։30 զանգում, ասում է՝ արի, որ քո գործի վերաբերյալ բան կա, կարող է ես բան եմ, րոպեն մեկ գամ, հասնեմ ստեղ, ոչ թողնում են մարդ աշխատի, ոչ մի բան»։

Դարպասների առաջ բենզին լցնելուց 35 րոպե անց, երբ Աջամյանն արդեն ներսում էր, հատուկ ազդանշաններով ու մեծ արագությամբ Զինվորական քննչական բաժին եկան հրշեջներն ու ոստիկանները՝ առնվազն 5-6 մեքենաներով։ Հարցերին չպատասխանեցին, ավելի քան մեկուկես ժամ ելումուտ անելուց հետո՝ արդեն կեսգիշերին, Արմեն Աջամյանը կարճ հեռախոսազրույցի ընթացքում հայտնեց՝ իրեն ձերբակալում են։ Ասաց ու անհասանելի դարձավ։

Այսօր արդեն Քննչական կոմիտեից «Ազատությանը» հայտնեցին, թե քրեական վարույթ են հարուցել պաշտոնատար անձի օրինական գործունեությանը միջամտելու հոդվածով։ Ըստ իրավապահների՝ Աջամյանը «դյուրավառ հեղուկի և կրակայրիչի գործադրմամբ այրել է քննչական բաժնի դարպասները, ապա լսելով ծառայությանը չխոչընդոտելու և հանդարտվելու քննիչի օրինական պահանջը՝ բարձրաձայն վերջինիս հասցեին հնչեցրել է հայհոյանքներ, ինչպես նաև քաշքշել և պատռել նրա վերնաշապիկը»։

«Ազատությունը» դեպքից մեկ-երկու րոպե անց տեղում է եղել, կրակ չկար։ Գետնին ու դարպասին հետքեր էին երևում։ Գետինը դեռ թաց էր, տարածքում վառելիքի սուր հոտ էր տարածված, հրշեջներն էլ դեպքից կես ժամ անց են ժամանել։

Արմեն Աջամյանը՝ որպես նախկին զինվորական, 2020-ին կամավորագրվել ու ռազմաճակատ էր մեկնել։ Իր ղեկավարած դասակով թեժ մարտերի է մասնակցել։ 44-օրյա պատերազմից հետո պարտավորվել են կանչի դեպքում կազմ-պատրաստ ներկայանալ Վանաձորի ԴՈւՑ-ի զորամաս։ Նա ամիսներ առաջ «Ազատությանը» պատմել էր, թե դրանից հետո կանչել են, ամբողջ ջոկատը ներկայացել է զորամաս, բայց մարտական հերթապահության չեն գնացել, քանի որ հրամանատարությունը որոշել է, որ անձնակազմը լրացել է, ու Արմենի ղեկավարած ջոկատին նորից տուն են ուղարկել։

Սա էլ հենց շփոթ է առաջացրել. համարել են, որ կամավորագրված զինվորականները խուսափել են ծառայությունից, ու քրեական վարույթ է սկսվել։ Ինչո՞ւ ավելի քան երկու տարի քննել ու այդպես էլ չեն պարզել՝ ի վերջո Աջամյանն իր ջոկատով լքե՞լ է զորամասը, թե՞ ոչ։ Երեկ մինչ ձերբակալվելն «Ազատությանն» ասում էր՝ բոլոր ապացույցները կան, բայց գործն այդպես էլ չեն փակում։

«Որ օրերին որ նշված է, որ ես փախուստի եմ դիմել իրենց ասածով, այդ օրերին ես եղել եմ զորամասում, զորամասից զանգ եմ ստացել, անջատել եմ հեռախոսը... հիմա ասում են, զանգել ենք, գնա, Երևանից էլ էն մեկին էլ բեր հետդ, որ նրա հեռախոսագիրքն էլ բան անենք, որ գործը փակենք», - նշել էր նա։

Այսօր Քննչական կոմիտեից վարույթի մասին մանրամասներ չհայտնեցին, միայն նշեցին, թե քննության ձգձգումը պայմանավորված է գերծանրաբեռնվածությամբ։

«Պատերազմին առնչվող, հատկապես դասալքության, զորամասը ինքնակամ լքելու դեպքերը, որոնցով վարույթներ են նախաձեռնվել, բազմահազար են։ Քննչական կոմիտեի՝ նման վարույթներով քննություն իրականացնող ստորաբաժանումները գործում են գերծանրաբեռնվածության պայմաններում։ Որ փուլում անձի մեղավորությունը կամ անմեղությունը հաստատող ապացույցների ամբողջություն է ձեռք բերվում, քրեական վարույթի ընթացքը համապատասխան կերպով լուծվում է։ Այս վարույթը ևս բացառություն չէ և գտնվում է ավարտական փուլում։ Ինչ վերաբերում է քննչական գործողություններին, ապա անհրաժեշտ գործողություններն արվել և արվում են, դրանք մանրամասնելու հարկ չկա, և դա չի էլ բխում վարույթի շահերից», - հաղորդել էին ՔԿ-ից։

Ամիսներ առաջ վարչապետի տիկինը՝ Աննա Հակոբյանն էր հայտարարել, թե 44-օրյա պատերազմի ժամանակ հայկական կողմում առնվազն 11 հազար դասալիք է եղել, Գլխավոր դատախազությունն էլ հրապարակեց ի՛ր տվյալները, որ դասալքության ու դրան առնչվող հոդվածներով անցնում է 10 հազար 687 մարդ, նրանցից մեղադրյալի կարգավիճակ ունեն 756-ը։

Գյումրեցի Արմեն Աջամյանը, ում հանցանքն ավելի քան երկու տարի չի ապացուցվում, նրանցից մեկն է։ Զորամասը ինքնակամ լքելու հոդվածով մի քանի ամսից մինչև ութ տարվա ազատազրկում է նախատեսված՝ կախված հանգամանքներից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG