Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանն առաջին անգամ ցուցմունք տվեց՝ ըստ էության հերքելով թե՛ իր, թե՛ մյուսների մեղադրանքը


Վառելանյութի գործով պետբյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու համար մեղադրվող երրորդ նախագահն այսօր դատարանում առաջին անգամ ցուցմունք տվեց՝ ըստ էության հերքելով թե՛ իր, թե՛ մյուսների մեղադրանքը։ Նրա հարցաքննությունը տևեց 17 րոպե։

«Անկեղծ ասած, ուրախ չեմ պաշտպանելու այն մարդուն, ով զրպարտել է ինձ, բայց իրականությունը դա է», - նշեց նախկին նախագահը:

Արդեն երեք տարի ընթացող դատավարությունը մոտենում է ավարտին։ Իրավապահները պնդում են, որ դեռ 2013 թվականին գյուղացիներին մատչելի դիզվառելիքով ապահովելու ծրագրի մրցույթում շահել էր նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մտերիմ գործարար Բարսեղ Բեգլարյանի «Ֆլեշը», որը, սակայն, ի տարբերություն հայտ ներկայացրած մյուս երկու ընկերությունների, ամենաբարձր գինն էր առաջարկել։ Այս մասին հեղափոխությունից հետո իրավապահներին ահազանգել էր մրցույթին մասնակցած ընկերություններից մեկի ղեկավար Սևան Քոչարյանը։

Վկան դատարանում պատմել էր, որ ամենացածր գինն առաջարկել էր «Մաքսհուր», ապա իր ղեկավարած «Սոբրանիե» ընկերությունը։ Մրցույթ էր եղել, ինչից հետո ամենացածր գին առաջարկած «Մաքսհուրի» ղեկավարը զանգահարել էր իրեն և հայտնել իր հաղթանակի լուրը, սակայն հետո ամեն ինչ փոխվեց:

«Մի քանի օր հետո տարբեր աղբյուրներից իմացանք, որ հաղթողը, մատակարարողը «Ֆլեշ» ընկերությունն է», - ասել է նա:

Արդարացում պահանջող Սերժ Սարգսյանի դեմ դեռ նախաքննության ժամանակ ցուցմունք էր տվել գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը, որն այս գործի քննության ընթացքում մահացավ կորոնավիրուսից։ Հենց Կարապետյանն էր իրավապահներին պատմել այս թեմայով իր ու նախագահ Սարգսյանի հանդիպման մանրամասները։ Նախկին նախագահն, ըստ Կարապետյանի, իրեն ասել էր՝ «թող Բարսեղը կազմակերպի պետբյուջեից գյուղացիների համար գնվող վառելանյութի ներկրումը»։

Դատավոր Վահե Միսակյանն այսօր ընթերցեց նախկին գյուղնախարարի ցուցմունքը. - «Բարսեղ Բեգլարյանն ասաց, որ կարող է 2 դրամով իջեցնել գինը և միաժամանակ ասաց, որ՝ «ես պայմանավորվել եմ հանրապետության նախագահի հետ, որ ես պետք է կազմակերպեմ ներկրումը Սերգո Կարապետյանի անունից», ես ասացի, որ կճշտեմ դա: Հետագայում ես զեկուցեցի պարոն նախագահին, որ Բարսեղը եկել էր իմ մոտ, որ ծրագրի շրջանակներում ինքը կազմակերպի ներկրումը, սակայն մենք հարցումներ ենք կատարել ու ավելի ցածր գին առաջարկող կա: Պարոն նախագահն ասաց՝ «տվեք, թող Բարսեղը կազմակերպի ներկրումը»: Դրանից հետո ես հանձնարարել եմ իմ տեղակալին մնացած աշխատանքները կազմակերպելու համար»:

Ի պատասխան Սերժ Սարգսյանը հայտարարեց՝ որպես նախագահ պարբերաբար ընդունել է տարբեր նախարարների, որոնք էլ զեկուցել են իրենց ոլորտի մասին, բայց կոնկրետ այս թեմայով հանդիպում չի ունեցել, Սերգո Կարապետյանին նման հանձնարարական չի տվել:

«Չեմ ուզում ենթադրություններ անել, թող դատարանն ինքը ենթադրություններ անի, թե ինչու Սերգո Կարապետյանը այդպիսի ցուցմունք տվել է ոչ առաջին և ոչ երկրորդ հարցաքննության ժամանակ: Ես ասում եմ՝ ոչ, այդպիսի բան չի եղել», - ընդգծեց Սարգսյանը:

Եթե, ըստ իրավապահների, մրցույթում հաղթել է ամենաբարձր գին առաջարկած «Ֆլեշը», ապա պաշտոնաթող նախագահը հակառակի մասին խոսեց, թե՝ հաղթել էր ամենաէժան գին առաջարկողը։

«Այդ ծրագիրը կարող էին իրականացնել, ինչպես դատաքննության ընթացքում պարզվեց, երկու ընկերություններ, և նա այդ ընկերություններից ընտրել է այն ընկերությունը, որն ավելի ցածր գին է առաջարկել», - նշեց Սերժ Սարգսյանը:

Ավելին, Սարգսյանն ասաց՝ շատ բան չունի ասելու ու պնդեց՝ ավարտին մոտեցող դատաքննությունը ապացուցեց, որ ինքն ու իր երբեմնի ենթակաները հանցագործություն չեն արել։

«Դատաքննության ողջ ընթացքն, իմ կարծիքով, հստակ ապացուցեց, որ Սերգո Կարապետյանը ճիշտ որոշում է կայացրել և եթե նա այդպիսի որոշում չկայացներ, ապա պատասխանատվությունը կկրեր այն ժամանակ և ոչ թե հիմա», - ընդգծեց նա:

Դատախազ Էդգար Արսենյանը, սակայն, հարցրեց պաշտոնաթող նախագահին՝ ի՞նչ նկատի ունի, երբ ասում է՝ բոլորին պարզ է, թե ինչ է եղել, այն դեպքում, երբ Սերգո Կարապետյանը հակառակն էր պատմել, Սարգսյանը մանրամասնեց. - «Այն ընկերությունները, ովքեր մասնակցելու ցանկություն են հայտնել, այս ամբիոնից ասում էին, որ իրենք ի վիճակի չեն 2 ամսվա ընթացքում 17 հազար տոննա դիզվառելիք ներկրել Հայաստանի Հանրապետություն ու նաև վերաբաշխել ամբողջ հանրապետությունով մեկ: Որևէ մեկն այստեղ քննվածներից չի ասել, որ ինքը ի վիճակի է դա անել, դա բավարար չէ՞, որ ես այդպիսի եզրակացության գամ»:

Եթե անգամ դատարանը 69-ամյա Սերժ Սարգսյանին մեղավոր ճանաչի, նա, միևնույն է, չի ազատազրկվի վաղեմության ժամկետը լրանալու պատճառով։

Երրորդ նախագահը մեղադրվում է նաև այլ գործով՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու հոդվածով։ Նրան մեղադրանք է առաջադրվել գործարար Սիլվա Համբարձումյանի բողոքի հիման վրա։ Համբարձումյանը պնդել էր, որ որ 2008-ին հանքարդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալելու համար բարձրաստիճան պաշտոնյաներին կաշառք է տվել։ Իրավապահները կաշառքի չափը չեն հրապարակում։ Սերժ Սարգսյանն ու նրա ընտանիքն անցնում են նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։

XS
SM
MD
LG