Մատչելիության հղումներ

ՌԴ-ն ԵԽ-ին չի տեղեկացնելու ռազմական դրության պայմաններում մարդու իրավունքներից հրաժարվելու մասին


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, արխիվ, Մոսկվա:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, արխիվ, Մոսկվա:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդարանի ստորին պալատին՝ Պետական դումային է ներկայացրել լրամշակումներ երկրում ռազմական դրություն հայտարարելու մասին օրենքում ՄԱԿ-ին և Եվրոպայի խորհրդին տեղեկացնելու վերաբերյալ:

Այդ լրամշակումներով ենթադրվում է, որ Ռուսաստանը պարտավորված չի լինի Եվրոպայի խորհրդին տեղեկացնել ռազմական դրության և արտակարգ դրության պայմաններում միջազգային պայմանագրերում մարդու իրավունքներին առնչվող դրույթներից հրաժարվելու մասին:

Գործող օրենքով Ռուսաստանի Դաշնության տարածքում կամ դրա առանձին շրջաններում ռազմական դրություն հայտարարելու դեպքում ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարները պետք է ծանուցվեն նշված նորմերով ենթադրվող պարտականությունների կատարումը սառեցնելու մասին:

Բացի այդ, ըստ գործող օրենքի, Ռուսաստանը ՄԱԿ-ին և Եվրոպայի խորհրդին նաև ծանուցում է ռազմական կամ արտակարգ դրությունները չեղարկելու մասին:

Պուտինի ներկայացրած լրամշակումներով առաջարկվում է օրենքներից հանել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին տեղեկացնելու մասին դրույթը և պահպանել միայն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին տեղեկացնելու դրույթը։

Պուտինն առաջարկում է նաև «Արտակարգ դրության մասին» օրենքից հանել դրույթը, ըստ որի, Ռուսաստանի ԱԳՆ-ի վրա դրված միջազգային պարտավորությունները բխում են Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության կոնվենցիայից։

XS
SM
MD
LG