Մատչելիության հղումներ

Ռուս խաղաղապահները մերժել են դեպի Հակարիի կամուրջ ավտոերթը ուղեկցելու դիմումը


Շարժման անդամները ռուս խաղաղապահների տեղակայման վայրում, 4-ը օգոստոսի, 2023թ․
Շարժման անդամները ռուս խաղաղապահների տեղակայման վայրում, 4-ը օգոստոսի, 2023թ․

Խաղաղապահ զորակազմի հրամանատարի տեղակալ Սազոնովը Լաչինի միջանցքի ապաշրջափակման քաղաքացիական նախաձեռնության անդամներին այսօր գրավոր պատասխանել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը չի նախատեսում ավտոերթերի ուղեկցումը, ինչպես նաև տարբեր ակցիաների և հանրահավաքների անվտանգության ապահովումը։

«Տրանսպորտային անցակետերով երթևեկության ժամանակ խաղաղապահ զորակազմը ստուգում է արգելված իրերի, մասնավորապես, հրաձգային զենքի և պայթուցիկ նյութերի առկայությունը», - նշված է խաղաղապաների պատասխանում, որը հրապարակել է նախաձեռնության անդամ Արթուր Օսիպյանը։

Արձագանքելով ադրբեջանական տելեգրամյան ալիքներում տարածվող տեղեկատվությանը, որ օգտելով ավտոերթի պատրվակից՝ ռուսական զորակազմը խաղաղ երթի ժամանակ Հակարիի կամրջի անցակետի մոտ հնարավոր է ուժ կիրառի ադրբեջանական ուժերի նկատմամբ, խաղաղապահ զորակազմից հերքել են դա՝ ընդգծելով՝ բողոքի խաղաղ ակցիաները խաղաղապահ զորակազմի համար հիմք չեն որևէ ռազմական գործողության իրականցման համար։

Լաչինի միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման անդամները առաջիկա օրերին ծրագրում են ավտոբուսներով ավտոերթ կազմակերպել դեպի ադրբեջանցիների կողմից փակված Հակարիի կամուրջ՝ «փորձելով ցույց տալ աշխարհին, որ Ալիևը ստում է, թե ճանապարհը բաց է»։

Ուրբաթ օրը շարժման անդամները ժամանել էին ռուս խաղաղապահների տեղակայման վայր և պահանջել, որ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատար Ալեքսանդր Լենցովը պատասխանի, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկելու՝ ապահովելու իրենց անվտանգությունը ավտոբուսներով ավտոերթ իրականացնելու ժամանակ՝ համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության: Ռուս խաղաղապսհները խոստացել էին գրավոր պատասխանել ցուցարարների հարցերին։

XS
SM
MD
LG