Օգոստոսի 3-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է «Լեոնարդո» իտալական ռազմական ընկերության գործադիր տնօրեն Ստեֆանո Պոնտեկորվոյին։ Հանդիպման մասին Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը այլ մանրամասներ չի հայտնում։
Անցած շաբաթ հայտնի է դարձել, որ «Լեոնարդո» իտալական ռազմական հսկան պայմանավորվածություն է ձեռք բերել Ադրբեջանի պաշտպանության նախարարության հետ C-27J տեսակի ռազմատրանսպորտային օդանավերի վաճառքի շուրջ։ Թե քանի օդանավ է Բաքուն ձեռք բերել իտալական մասամբ պետական ռազմական ընկերությունից, չի հաղորդվում։
Փորձագետների գնահատմամբ՝ C-27J-ը բարձր արդյունավետություն ունեցող օդանավ է, որն ունակ է առաջադրանքներ կատարել բարդ տեղանքներում: «Լեոնարդո» ընկերության պնդմամբ՝ դրանք «իդեալական ինքնաթիռներ են ռազմական տրանսպորտային առաքելությունների, դեսանտայինների և մարտավարական զորքերի աջակցության, հատուկ նշանակության ուժերի գործողությունների համար»: